Search
Close this search box.

Լաչինի միջանցքը չի կարող օգտագործվել ռազմական նպատակներով․ Բայրամով

Լաչինի միջանցքը չի կարող օգտագործվել ռազմական նպատակներով. եռակողմ հայտարարության մեջ հստակ նշված է, որ այն կարող է օգտագործվել միայն քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղափոխման համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Բայրամովը նշել է, որ Բաքուն պատրաստ է բանակցել Երևանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ և հավատարիմ է խաղաղության օրակարգին։ «Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին։ Մենք կարծում ենք, որ Պրահայում (հոկտեմբերի 6) և Սոչիում (հոկտեմբերի 31) կայացած գագաթնաժողովներից հետո անհրաժեշտ է շարունակել բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ»,- հայտարարել է Բայրամովը։

Նրա խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել խաղաղության օրակարգի շրջանակներում։ Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը դեռևս «չի կատարում եռակողմ հայտարարությամբ նախատեսված իր պարտավորությունները»։

Բայրամովը նաև նշել է, որ Բաքուն մտահոգված է իրանական լրատվամիջոցներում Ադրբեջանի դեմ տարածված հայտարարություններով։

Ավելի վաղ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Սոչիում ստորագրել էին համատեղ հայտարարություն, որում նշվում էր Երևանի և Բաքվի միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ ռուսական աջակցությամբ երկխոսությունը շարունակելու համար: Կարևորվել էին նաև երկրների եռակողմ միջխորհրդարանական շփումները։ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով։