Search
Close this search box.

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում, կա երեք զոհ․ ժամանել է մարզի ոստիկանապետը

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Ճամբարակ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի՝ Նորակերտ գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են ՎԱԶ 2107 և ՎԱԶ 2101 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, վթար հետևանքով 2 տեղում մահացել են, 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Վարդենիս» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վարդենիսի թիվ 34 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները մահացածների դիերը մոտեցրել են դիատարներին, ապա հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Արմենակ Մուրադյանը։

Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները, որոնցից մեկի գազաբալոնը շպրտվել է, տեղափոխվում են ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մինչ դեպքի վայրում քննիչները քննություն էին կատարում, հիվանսանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Վարդենիսի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։