Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որևիցե լրջություն ես Լուկաշենկոյի արտահայտություններում չտեսա, մտավախություն ունեմ, որ արտահայտած մտքերն այնքան էլ իրենը չեն. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ չէ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեփական մտքերն է արտահայտում։ Նա իր տեսակետը հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ես ցավում եմ, որ ստիպված եմ արձագանքել, որովհետեւ նրա արտահայտություններում ես ոչ մի լրջություն չտեսա, անգամ մտավախություն ունեմ, որ իր արտահայտած մտքերն այնքան էլ իրենը չեն»,– նշեց ԱԺ խոսնակը։

Լրագրողների հարցին, թե այդ դեպքում ում մտքերն էր արտահայտում Բելառուսի նախագահը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Չգիտեմ` ումն է, գուցե Մոսկվայից է, գուցե Բաքվից է, գուցե Ալմաթիից, բայց իրենը չէ»։

Նրա կարծիքով` Լուկաշենկոն լուրջ ներքաղաքական խնդիրներ ունի, և Բելառուսի ժողովրդին նույնպես դուր չեն եկել նրա հայտարարությունները։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Լուկաշենկոյի հայտարարությանը։

«Արձագանք եղել է, պարզապես դրա տեսագրությունը հանրությանը ներկայացնելը ճիշտ չէ»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ արտահերթ նիստում Լուկաշենկոն հայտարարել էր, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ պետությունների համար թշնամի կամ հակառակորդ չէ, ճիշտ չի լինի ՀԱՊԿ-ը հակադրել Ադրբեջանին: Նա շեշտել էր` Ադրբեջանն այժմ գլխավորում է բացարձակապես «մեր մարդը՝ Իլհամ Ալիևը»։ Բելառուսի նախագահը հավելել էր, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը Բելառուսի համար «հարազատ» երկրներ են, և հակամարտությունը երկու երկրների միջև պետք է կարգավորվի բացարձակապես խաղաղ ճանապարհով: