Search
Close this search box.

Սոչիում առաջարկեցի երկարացնել խաղաղապահների մանդատն. Փաշինյանը մանրամասներ է հայտնում

Հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության չեն եկել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մանդատը երկարացնելու շուրջ։ Այսօր Ազգային ժողովում 2023թ–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք առաջարկեցինք, որ հենց Սոչիում տեղում որոշում կայացվի ԼՂ–ում տեղակայված ՌԴ խաղաղապահների մանդատը երկարացնելու վերաբերյալ` անորոշ ժամանակով, 20 տարով, 15 տարով, 5 տարով և այլն։ Մեր առաջարկն այս փուլում չընդունվեց, բայց պետք է արձանագրեմ, որ, իմ ընկալմամբ, հարցը դարձավ օրակարգային»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը հայտարարեց, որ ԼՂ հայության անվտանգության երաշխիքն այսօր խաղաղապահների ներկայությունն է, քանի դեռ չեն ստեղծվել անվտանգության ապահովման հուսալի մեխանիզմներ ու երաշխիքներ։

«Քանի որ կարող է սխալ տպավորություն ստեղծվել, ես ուզում եմ ասել, որ մեր քաղաքականությունը Սոչիից առաջ ու Սոչիից հետո ոչ մի, նույնիսկ նվազագույն փոփոխություն չի կրել»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ ինքը Սոչիում վերահաստատել է Պրահայի պայմանավորվածությունները, որոնք ադրբեջանական կողմը ևս չի հերքել։

Վարչապետը հիշեցրեց, որ 2020թ–ի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն` խաղաղապահների մանդատը երկարացվում է ինքնաբերաբար, և չի երկարացվում միայն այն ժամանակ, եթե 5-ամյա ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ կողմերից մեկը առարկություն է ներկայացնում։