Search
Close this search box.

«Ի՞նչ տողատակեր կան Սոչիի հայտարարության մեջ»

2022թ․ հոկտեմբերի 31-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված Սոչիի հայտարարությունը ընդհանուր առմամբ հակահայկական է և մեզ համար որևէ դրական միտք չի պարունակում, մինչդեռ Ադրբեջանի համար կա տարածքային ամբողջականության հատուկ հիշատակում՝ անտեսելով ժողովուրդների ինքորոշման սկզբունքը։ Սա հայկական կողմի աշխատանքի բացակայության հետևանք է։

Բայց եթե փորձենք ավելի ուշադիր նայել, ապա կտեսնենք, որ Ռուսաստանի կողմից տեքստում նշվել են մտքեր, որոնք թեպետ արվել են ռուսական շահի առաջմղման համար, բայց մեզ տալիս են որոշակի հնարավորություններ։ Դրանցից մեկը վերաբերում է Արցախում ռուսական խաղաղապահ զորքի դերին։ Ադրբեջանի նախագահը փաստացի ընդունում է, որ խաղաղապահները կարևոր դեր են կատարում Արցախում, հետևաբար նրանք մնալու են այստեղ։ Ես վստահ եմ, որ դեռ շատ երկար կմնան, եթե չասենք՝ տասնամյակներ։

Մյուս կետը 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիշատակումն է։ Այս փաստաթուղթը ներառել է մի կարևոր կետ ինքնավար կազմավորումների ինքնորոշման իրավունքի և ԱՊՀ-ի կազմ մտնելու հնարավորության մասին՝ ուղիղ կերպով առնչվելով Արցախին։ Թեպետ Սոչիի հայտարարության մեջ խոսք չկա ինքնորոշման մասին, բայց Ալմա-Աթայի հռչակագրի հիշատակումն արդեն իսկ դրա վկայությունն է։ Մեզ համար կարևոր է հենց այս հռչակագրի շարունակական վկայակոչմամբ առաջ մղել ինքնորոշման իրավունքը։
Հայտարարության մնացած հատվածները մեծ հաշվով քաղաքական լոլո-ներ են, արարողակարգային տողեր։

Պաշտոնական արարողություններից ու հյուրերին ճանապարհելուց հետո ՌԴ նախագահ Պուտինը մամուլի ասուլիս տվեց, որտեղ մի քանի միտք ևս արտահայտեց․

1․ Արցախում ռուս խաղաղապահների մնալու ժամկետների մասին իրենք խոսել են, հիմա չեն ցանկանում մանրամասներ հայտնել։ Պուտինն ասաց, որ խաղաղապահների գործունեությունը ավելի շատ կախված է լինելու Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղության պայմանագրի էությունից՝ ակնարկելով, որ իրենք ամեն դեպքում մնալու են Արցախում։

2․ Դեռևս կան մի քանի սկզբունքային անհամաձայնություններ, որոնց մասին թեպետ կարելի է խոսել, բայց պետք չի դրանք բարձրաձայնել։ Սա Պուտինի ձևակերպումն է։
Կարծում եմ, Պուտինն էլ ինձ նման վստահ չէ, որ Նիկոլ Փաշինյանը կկարողանա հաղթել իր լեզվին ու չի բացահայտի այդ գաղտնիքը։

3․ Պրահայում Փաշինյան-Ալիև հանդիպման մասին խոսելիս Պուտինը հստակ ասաց, որ թեպետ փորձ է արվում Ռուսաստանը դուրս թողնել հակամարտության կարգավորման գործընթացից, բայց դա հնարավոր չէ։

Սպասենք, որ շաբաթներ անց Նիկոլ Փաշինյանը կմեկնի Եվրոպա ու այնտեղ նոր հանդիպում կունենա Ալիևի հետ՝ այս անգամ արդեն Արևմուտքին հաճելի ձևակերպումներով հայտարարություն ստորագրելով։

Լրագրող Նաիրի Հոխիկյան