Search
Close this search box.

«Հրապարակ». «Նավսած» պաշտոնը

«Հրապարակ» թերթը գրում է. «Զինդատախազ Վահե Հովհաննիսյանի հրաժարականից հետո ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ոչ մի կերպ չի հաջողվում համալրել այդ կարեւոր հաստիքը։ Դատախազությունն այդ պաշտոնի համար արդեն երկրորդ անգամ մրցույթ է հայտարարում։

Հիշեցնենք, որ մեկ անգամ արդեն հայտարարել էր, որին մասնակցելու միակ հայտը ներկայացրել էր Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը, ենթադրվում էր, որ իշխանությունը որոշել է երկրորդ շանսը տալ մեկ տարի առաջ պաշտոնն Արգիշտի Քյարամյանին զիջած Գրիգորյանին: Սակայն ընթացքում պլանները փոխվեցին, եւ Գրիգորյանին որոշեցին գործուղել ԲԴԽ` իրավաբան-գիտնականի թափուր տեղը զբաղեցնելու:

Այդ անդամի հաստիքը թափուր էր մնացել, երբ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ նախագահ դառնալուց 3 օր հետո հրաժարական էր ներկայացրել։ Այդ պատճառով էլ Գրիգորյանը հետ վերցրեց զինդատախազի պաշտոնի համար ներկայացրած դիմումը։ Հիմա դատախազությունը զինդատախազի պաշտոնը համալրելու համար հոկտեմբերի 28-ին արդեն երկրորդ մրցույթն է հայտարարել, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 11-ը։ Մեր տեղեկություններով՝ այս պահի դրությամբ դեռ որեւէ մեկը չի դիմել մրցույթին մասնակցելու համար։

Հետաքրքիր եւս մեկ հանգամանք․ զինդատախազը գլխավոր դատախազի տեղակալն է, ու թեեւ օրենքը սահմանում է, որ գլխավոր դատախազի տեղակալը, եթե նշանակման պահին դատախազի պաշտոն չի զբաղեցնում, մրցույթով պետք է նշանակվի, սակայն Աննա Վարդապետյանն ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար Արթուր Պողոսյանին, առանց մրցույթի, նշանակել էր դատախազ, ապա մյուս օրը՝ իր տեղակալ: Հարց է առաջանում` ինչո՞ւ նույն հնարքն այս դեպքում էլ չեն կիրառում։ Թերեւս, հավատարիմ կադրեր չեն գտնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում