Search
Close this search box.

Հակառակորդն իր առաջնագծից դեպի Հայաստան 130 ք/կմ և ավելի տարածք է օկուպացրել. ԳՇ պետ

Հակառակորդն իր առաջնագծից Հայաստանի համապատասխան խորությունների ուղղությամբ, որտեղ հաջողություններ է ունեցել, օկուպացրել է մոտ 130 քառակուսի և ավելի տարածք։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքան տարածք է օկուպացրել հակառակորդը:

«Կան տարածքների մակերեսի հաշվարկման տարբեր մեթոդներ. եթե հաշվարկները կատարվում են հակառակորդի առաջնագծից մեր համապատասխան խորություններում, որտեղ հակառակորդը հաջողություն է ունեցել և օկուպացրել մեր ինքնիշխան տարածքից, ապա դա կազմում է մոտ 130 և որոշակի ավելի տարածք։ Եթե այդ տարածքների կորուստը հաշվում ենք մեր առաջնագծից խորությամբ, ապա այդ թիվը ավելի քիչ է կազմում»,– ասաց Ասրյանը։

Նրա խոսքով` համապատասխան ճակատով և համապատասխան խորությամբ բոլոր ուղղություններում հակառակորդի մխրճում չի արձանագրվել: Ասրյանը շեշտեց, որ կան որոշ հատվածներ, որոնց մխրճման վերջավորությունը, գագաթը հասնում է, օրինակ, 3,5 կմ–ի, բայց թևերը ընդամենը 100-200 մետր են:

Կարևոր է ՌԴ հստակ դիրքորոշումն Ադրբեջանի ԶՈւ–ի` ՀՀ տարածքից դուրս գալու հարցում. Փաշինյան
«Տեղանքի գոգավորություններից ելնելով` այդ հաշվարկները տարբեր մարդկանց կողմից կատարվում են տարբեր ձևով: Որպեսզի հաշվենք, թե որքան տարածքում է հակառակորդը գտնվում մեր տարածքում, չպետք է հաշվենք իրենց առաջնագիծը, մեր առաջնագիծը, պետք է հաշվի առնենք ՀՀ պետական սահմանը և սահմանային ինչքան կորուստ ունենք: Կան դիրքեր, որտեղ հակառակորդը գտնվում է մեր պետական սահմանից հետ, կան դիրքեր, որ գտնվում է մեր սահմանից առաջ: Նման դեպքում առաջանում են մակերեսի հաշվարկման տարբերություններ»,-ասաց ԳՇ պետը։

Հարցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում ասել էր, թե Հայաստանն ունի 10 քառակուսի կմ տարածքի կորուստ, այժմ ինչպես է ստացվում, որ այդ թիվն ավելի մեծ է, Ասրյանն ասաց, որ դա եղել է այն ժամանակ երբ թշնամին օկուպացրել է հենց 10 քառակուսի կմ տարածք։

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։

Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։