Search
Close this search box.

«Հրապարակ». «Ադրբեջանը չէ՝ աշխարհը շանս չի ունեցել մեզ հաղթելու

«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանցիներն Արցախի օկուպացված տարածքները բնակեցնելու խնդիր ունեն՝ ցանկացողներ չկան»,- մեզ հետ զրույցում ասում է Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ Վահան Բադասյանը։ Արդեն 30 տարի է անցել այս տարածքում նրանց բնակության ժամանակից, եւ այստեղ ծնված ամենափոքր ադրբեջանցիները հիմա 30-35 տարեկան են՝ ձեւավորված մարդիկ են, չեն ուզում գալ ապրել Արցախում․ իրենց հայրենիքը, իրենց շրջապատն արդեն ուրիշ տեղ է՝ կարծում է Բադասյանը։

«Այդ խնդիրն ունեն ու այդ պատճառով են հայտարարել, որ 30 տարի հետո են բնակեցնելու, եւ պատճառաբանում են դա նրանով, որ հայերը մեկ միլիոնից ավելի մինա են դրել՝ ականազերծման աշխատանքներ պետք է տանեն։ Իրականում մինաներ դրվել են մեր առաջնագծում, եւ տեղերն էլ իրենք շատ լավ գիտեն»,- ասաց նա։ Իսկ ականազերծման համար Անգլիան, Ֆրանսիան ֆինանսներ են տրամադրել, եւ ականազերծման վրա աշխատող մարդիկ, բնական է, չեն բարձրաձայնելու, որ այդ տարածքներն ականապատված չեն, որպեսզի շարունակեն ստանալ իրենց բարձր աշխատավարձերը։ Հակառակն են պնդելու։ «Գիտեք, չէ՞, ինչքան աշխատավարձ են տալիս պատասխանատուներին, ովքեր գտնվում են Ադրբեջանում եւ աշխատասենյակներում են աշխատելու՝ մինիմումը ստանում են ամսական 18-20 հազար եվրո աշխատավարձ»,- ասաց Բադասյանը։ Իսկ Արցախում աշխատող անգլիական Hello Trast կազմակերպության ղեկավարը, ով ֆինանսավորվում էր ԱՄՆ Կոնգրեսի կողմից, ստանում էր 22 հազար եվրո աշխատավարձ, շտաբի մյուս աշխատակիցն ամսական ստանում էր 8 հազար եվրո։

«Սակայն ականազերծման աշխատանքներին մասնակցողները՝ մեր տեղացիները, սապյորները, մերոնք էին, ովքեր իրենց կյանքը վտանգի էին ենթարկում, չնչին աշխատավարձ էին ստանում՝ ամսական 400 դոլար։ Միջազգային կոռուպցիա․ սա էլ՝ այդ միջազգային կազմակերպությունները»,- շեշտեց Բադասյանը։

Բայց չէ՞ որ Շուշին ականապատված չէ, ինչո՞ւ Շուշին չեն կարողանում բնակեցնել․ ու չեն էլ կարողանալու, որովհետեւ այդ օկուպացված տարածքները նորից ազատագրվելու են,- վստահ է Բադասյանը,- սակայն Հայաստանի ներկա ղեկավարի առկայության դեպքում դա անհնարին է։

«Եթե այս զիբիլից ազատվենք, լավ կլինի, սակայն ազատվելու համար ժամանակ է հարկավոր, մեզ մոտ էլ պիտի սերունդ փոխվի, որպեսզի մենք կարողանանք մեջքներս ուղղել։ Նախկինների կատարած կոպիտ սխալն այն է եղել, որ ապականել են կրթությունը եւ դրանով բերել են նիկոլիզմի ծնունդին։ Նիկոլն ո՞ւմ պրոդուկտն է՝ այդ կրթական համալիրի բացթողումների։ Նիկոլը՝ մի կողմ, ազգին այն օրն են հասցրել, որ հիմա մենք չունենք այն էներգետիկան, որ ունեցել ենք 88-ին։ Ադրբեջանը չէ՝ աշխարհը շանս չի ունեցել մեզ հաղթելու»։ Իսկ հիմա աշխարհի ծիծաղի առարկա ենք դարձել՝ ասաց Բադասյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում