Search
Close this search box.

Ինչ կատարվեց Պրահայում

Պրահայում Մակրոն-Միշել-Փաշինյան-Ալիեւ քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ նշվում է, որ «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար»։ Դա նշանակում է, որ այսպես կոչված սահմանազատումը տեղի է ունենալու «խորհրդային քարտեզներով», Հայաստանը ճանաչում է այսպես կոչված «Ադրբեջանը» եւ Արցախի պատկանելությունը Բաքվին։

Ալիեւի հայտարարություններն ավելի հստակություն են մտցնում․ նա հայտարարել է, որ Ղարաբաղի մասին որեւէ երկրի հետ չի պատրաստվում խոսել, Ղարաբաղի հայերն իրենց քաղաքացիներն են, եւ իրենք են որոշելու՝ երբ խոսեն եւ ինչպես։ Նա ասել է, որ խաղաղության պայմանագիրը հնարավոր է կնքվի մինչեւ տարվա վերջ, իրենք նախաձեռնել են պայմանագրի տեսքտը եւ Բաքվի առաջարկած սկզբունքներին ոչ ոք չի առարկել։

Փաշինյան-Էրդողան հանդիպման վերաբերյալ հայկական պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ «Շեշտվել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը»:

Ավելի հստակ պատկերացում են տալիս Թուրքիայի նախագահի հայտարարությունները։ Նա ասել է, որ Հայաստանի հետ սահմանի հարցում անելու են այն, ինչ արել են մինչեւ այժմ, այսինքն՝ սահմանը կարող է բացվել, եւ հարաբերությունները կարող են կարգավորվել Երեւանի ու Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Այսպիսով, Թուրքիան վերահաստատել է իր նախապայմանը։

Որն է նախապայմանը բացվածքով՝ Հայաստանը խաղաղության պայմանագրով ճանաչում է ոչ միայն Արցախի, այլեւ Նախիջեւանի պատկանելությունը Բաքվին, այսինքն՝ ՀՀ-ն ճանաչում է 1921-ի Մոսկվա/Կարսի պայմանագրերի վերաթարմացումը Հայաստանի շահերի հաշվին, տվյալ պարագայում՝ Նախիջեւանի խնդրի փակմամբ, որը միջազգային կարգավիճակ ունի եւ հայկական ինքնավարություն է՝ ժամանակավորապես հանձնված Բաքվի խնամակալությանը։ Լրագիրը բազմիցս անդրադարձել է Նախիջեւանի խնդրի էությանը եւ ինչ հնարավորություններ է բացում այն հայկական կողմի համար։ Ավելորդ է հարցնել՝ արդյոք հայկական կողմը բարձրացրել է այդ հարցը եւ պահանջել խաղաղության պայմանագրում ներառել այն։ Իր հերթին, Կարսի պայմանագրի վերաթարմացման այս մեխանիզմով Թուրքիան լուծում է Կարսի, Արարատ լեռան շրջանի եւ 1921-ի պայմանագրերով Հայաստանի այլ շրջանների օկուպացիայի ճանաչման հարցը (մանրամասն՝ այստեղ)։

Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ չի արել, եւ դրա կարիքը չկա էլ՝ հանդիպման նախօրեին ավանդական դեմագոգիայով, մեղադրանքներով ու արդարացումներով նա արդեն ասել էր, թե ինչ է տեղի ունենալու, եւ «հիմնավորել էր», թե ինչու Հայաստանը ոչ մի պահանջ առաջ չի քաշելու։ Իսկ համատեղ հայտարարության մեջ երկու ամսով քաղաքացիական ինչ որ դիտորդության վերաբերյալ հիշատակումներն արվել են երեւի այն բանի համար, որ Փաշինյանը Երեւանում ներկայացնի որպես ձեռքբերում։ Ալիեւը հասցրել է հայտարարել, որ այդ առաքելության հետ չի համագործակցելու։ Իսկ «խորհրդային սահմաններով» փոխադարձ ճանաչումը լայն հասկացություն է, համատեղ հայտարարությամբ Բաքուն ստանում է սահմաններն իր ուզածով վերաձեւելու օրինական հիմք։ Մոսկվայի հայտարարությունները դրա վկայությունն են։

lragir.am