Search
Close this search box.

Ռուսաստանը Երևանի և Բաքվի հետ կշարունակի աշխատել եռակողմ ձևաչափով. Կոպիրկին

Ռուսաստանը կշարունակի աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ ձևաչափով, Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով` բավականին շատ բան է հայտնի այն մասին, թե ինչ է անում Ռուսաստանը հայ–ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու համար։ Կան եռակողմ մեխանիզմներ, որոնք հայտնի են և հիմնված են 2020 և 2021 թվականների պայմանավորվածությունների վրա։

«Բոլոր կողմերը համաձայն են, որ գործնական հարցերի լուծումը ճանապարհ կբացի տարածաշրջանի խաղաղ և անվտանգ զարգացման համար: Մենք գնահատում ենք այդ ձևաչափը (եռակողմ. խմբ. ) և մեծ նշանակություն ենք տալիս: Չնայած խնդիրներին և մարտահրավերներին` մենք ելնում ենք նրանից, որ դա բխում է բոլոր երկրներից շահերից, որ կա քաղաքական կամք թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից, մենք կշարունակենք աշխատել այս ձևաչափով»,- ասաց Կոպիրկինը։

Նա նշեց, որ ռուսական ներկայություն կա նաև հայ–ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները, սահմանապահները կապի մեջ են երկու կողմերի հետ, աշխատում են։ Իսկ դա կարևոր գործոն է կայունության պահպանման և իրավիճակի հետագա սրացումը կանխելու համար։

«Կա մշտական քաղաքական երկխոսություն և՛ երկկողմ, և՛ եռակողմ: Դա շատ ամուր է, վստահելի, կա բնական և սերտ շփում ամենաբարձր մակարդակով: Սա միջոցառումների մի ամբողջ շարք է, որի նպատակն է այնպես անել, որ իրավիճակը չվատանա և անհրաժեշտ պայմանավորվածություններին հասնելու ուղղությամբ առաջխաղացում լինի»,- ասաց Կոպիրկինը։

Պատասխանելով ՀԺ–ի աղմկահարույց հոդվածի մասին հարցին՝ Կոպիրկինը նշեց, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն արդեն մեկնաբանել է այն, ուստի ավելացնելու ոչինչ չկա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը, որի գլխավոր խմբագիրը Հայաստանի վարչապետի կինն է, երկու օր անընդմեջ հրապարակումներ էր անում` հղում անելով «հավաստի աղբյուրին»։ Թերթը առաջին նյութում շարադրել էր, թե ինչ է պահանջում Ադրբեջանը Հայաստանից, իսկ երկրորդում գրել էր, թե Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը «Ռուսաստան–Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս կազմի։ Գրառումն արդեն մեկնաբանել են Կրեմլում։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դա ակնհայտ անհեթեթություն է որակել։