Search
Close this search box.

Կրեմլից հիստերիկ արձագանք հայկական արտահոսքերին

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը արձագանքել է Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթում Հայաստանի, Արցախի հարցում Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ «արտահոսքին»։ Պեսկովն անհեթեթություն է անվանել այն պնդումը, թե Ռուսաստանը Հայաստանին ստիպում է անդամակցել Միութենական պետությանը։

Հետաքրքիր է, որ խոսնակը չի անդրադարձել արտահոսքի մյուս հանգամանքներին, որոնք Հայաստանի դեմ ագրեսիայի, ռազմական ու քաղաքական հանցագործությունների ուղիղ մեղադրանք են Մոսկվային։ Եվ հենց այդ գործողություններով է Մոսկվան ստիպում անդամակցել Միութենական պետությանը։

Որոնք են այդ մեղադրանքները․

1․ ՌԴ-ն իր նպատակներն իրագործելու համար Հայաստանի դեմ օգտագործում է Բաքվի և որոշ դեպքերում էլ՝ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը։ Այսինքն, ՌԴ-ն Հայաստանի դեմ ագրեսիայի նախաձեռնողն է ու առաջնորդողը, որոշ դեպքերում՝ ուղիղ ռազմական միջամտությամբ։ Ռուսաստանը զենք չի մատակարարում՝ Հայաստանի խոցելիությունը պահպանելու համար։

2․ Ռուսաստանը Արցախը պատանդ է պահում իր ծրագրերի իրագործման համար։ Լավրովյան պլանը նախատեսում էր հարավային շրջանների հանձնում Ադրբեջանին, որ Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու և ավտոճանապարհների երթուղին ազատվեր խոչընդոտներից։ Ռուսաստանը ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուն է, Թուրքիային ու Ադրբեջանին ձեռնտու է միջանցքի ռուսական վերահսկողության տարբերակը, քանի որ ՌԴ-ն Ադրբեջանը եւ Թուրքիան դիտարկում է որպես իր գազը Եվրոպային վաճառելու հարթակ։

Պետք է ասել, որ որեւէ նոր բան չկա, սակավաթիվ զլմ-ներ եւ հեղինակներ այս մասին գրում են տարիներ շարունակ։ Միեւնույն ժամանակ, սա Հայաստանի պետականությունը վերացնելու Կրեմլի ցեղասպան պլանի ու գործողությունների մի մասն է ընդամենը, այսպես ասած՝ մակերեսը։

Հնարավոր է՝ Պեսկովն անդրադարձել է արտահոսքի միայն միութենական պետության հանգամանքին, քանի որ մնացած հանգամանքները գաղտնիք չեն, դրանց մասին բացահայտ խոսում են անգամ Ռուսաստանի առաջին դեմքերը՝ հո ՌԴ առաջին դեմքերի հայտարարություններն անհեթեթություն չէ՞ր համարի։ Իսկ միութենական պետությանը ՀՀ-ին բռնակցելու մասին հրապարակային հայտարարություններ չկան։ Միեւնույն ժամանակ, մյուս հանգամանքների վերաբերյալ Պեսկովի լռությունը դրանք հաստատելու վկայություն են։

Ինչո՞ւ է Փաշինյանը որոշել այս օրերին խոսել ՌԴ իրական մտադրությունների մասին։ Իրավիճակը հասել է սահմանային կետի՞՝ ռուս-թուրքական նոր ագրեսիայի հեռանկարով, թե՞ նրան անհանգստացրել է Կաթողիկոսի միջնորդությամբ նախկին նախագահների հավաքի ձեւաչափը, որի մեջ սպառնալիք է տեսել իր իշխանության հանդեպ։ Փաշինյանը նախկինում էլ էր ակնարկներ անում ՌԴ դերակատարության վերաբերյալ, որոնք ակնհայտորեն սեփական աթոռը պահելու համար էին։

Մյուս կողմից, այդ ակնարկներն, իհարկե, համեմատելի չեն ներկայիս ծավալուն եւ ուղիղ մեղադրանքների հետ։ Դա շուտ էր պետք անել, քանի դեռ իրավիճակն այսքան չէր խորացել եւ նոր կորուստներ չէին եղել, որոնք ավելի են մեծացրել Հայաստանի անվտանգային խոցելիությունը։ Հրապարակումը կվերածվի քաղաքականությա՞ն, թե հանրությանը հուսալքելու եւ անելանելիության զգացումը խորացնելու հերթական չափաբաժինը կդառնա՝ զիջումներին համակերպելու համար։

Lragir.am