Search
Close this search box.

Արդյո՞ք Պուտինի, թե Նիկոլի հրամանագրերով բանակից հեռացվեցին հզոր հրամանատարները, փոխարինվելով անհասկանալի ծագման գեներալներով․ Տասնյակ հարցեր Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն իր թերթում հետաքրքիր տեղեկատվություն է հրապարակել հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի եւ Հայաստանի գլխին կախված աղետի մասին։

Հիմա, թերեւս, տեղին չէ վիճելը, թե որքանով են այս տեղեկությունները «վստահելի» աղբյուրից, փաստն այն է, որ այն որոշակի տրամաբանություն է մտցնում անցած 4-5 տարիներին մեր երկրում տեղի ունեցած զարգացումների մեջ։
Մի կողմ թողնելով կասկածելի արժեք ունեցող աշխարհքաղաքական վերլուծությունները, այս հրապարակումից պետք է առանձնացնել 3 առանցքային պնդում․

– Ռուսաստանը փլուզել է մեր անվտանգության համակարգը եւ բանակը, այնպես, որ Հայաստանում տիրում է անվտանգային խոցելիության տպավորությունն ու տրամադրությունը

– Ռուսական կողմը չի կատարում իր պարտականությունները՝ զորքերը չեն զսպում ադրբեջանցիներին, զենքերը չեն մատակարարվում
– Ռուսաստանին պետք է Ղարաբաղի հարցի չլուծում

Եվ այս ամենից կարող ենք ունենալ միարժեք հետեւություն․ ամեն ինչում Ռուսաստանն է մեղավոր։
Հիմա մի քանի հարց այս ինֆորմացիայի հեղինակին՝ Նիկոլ Փաշինյանին․

– Արդյո՞ք Պուտինի, թե Նիկոլի հրամանագրերով են մայկա-տրուսիկ գողանալու առիթով բանակից հեռացվել մարտական, հզոր ու վճռական հրամանատարները, եւ փոխարինվել անհասկանալի ծագման գեներալներով, ովքեր անգամ մի տարրական հեղաշրջում իրականացնելու ունակ չէին, եւ արդյո՞ք Պուտինի հրամանով մեր զորքերը թողեցին Շուշին։

– Արդյո՞ք Պուտինի, թե Նիկոլի հրամանագրերով է փլուզվել Ազգային Անվտանգության Ծառայությունը, արդյո՞ք Պուտինն է ԱԱԾ փորձառու սպաներին ուղարկել Հրայր Թովմասյանենց տանիքը չափելու եւ խանութներում կտրոններ ստուգելու, արդյո՞ք Պուտինն է ամիս մեկ ԱԱԾ ղեկավար փոխել, շատ հաճախ անհեթեթ մարդկանց նշանակելով այդ պաշտոնին։

– Արդյո՞ք Պուտինն է փլուզել ՀՀ դիվանագիտությունը, Հայաստանի համար միակ արտաքին քաղաքական գործընկեր թողնելով Ռուսաստանին, ու շատ հաճախ նրան պատվիրակելով այն գործառույթները, որ պետք է աներ ՀՀ-ն։

– Արդյո՞ք Պուտինն է ստիպել զենքի փոխարեն մետաղի ջարդոն գնել եւ դրա վրա փող լվանալ։

Ու ամենակարեւորը՝ ո՞վ բերեց ռուսական զորքը Արցախ ու Հայաստանի սահման։ Ղարաբաղյան խնդիրը ծագելուց ի վեր, միշտ էլ Ռուսաստանը ցանկացել է, որ այնտեղ կանգնեն ռուս «խաղաղապահները»։ Հայաստանի դիվանագիտության ջանքերով այս հարցը շարունակաբար չեզոքացվել է, մինչեւ մի խեղկատակի թեթեւ ձեռքով ռուսները մտան ռեգիոն, ու հիմա այս խեղկատակը հանդիմանում է, որ նրանք չեն կատարում իրենց պարտականությունները։

Կարո՞ղ է իր նախորդները չգիտեին, թե ռուսական զորքերը ինչ նպատակ ունեին մեր տարածաշրջանում, որ տասնամյակներ շարունակ դիվանագիտական մարտեր էին տալիս։

Կեղծ է նաեւ այն պնդումը, թե Ռուսաստանին պետք է ղարաբաղյան հարցի չլուծում։ Ռուսաստանն իր համար լուծել է այդ հարցը՝ այնտեղ զորքեր տեղադրելով։ Նիկոլի պատկերացրած լուծումն այժմ Արցախը հանձնումն է Ադրբեջանին, քանի որ այդ դեպքում ռուսական զորքերն այնտեղից դուրս կգան։

Ակնհայտ է, որ Հայաստանի նման անպաշտպանության եւ ռուսաֆիկացիայի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։ Հիմա նա հասկացել է, որ այս ողջ պրոցեսը, որտեղ ինքը եղել է գլխավոր դերասանը եւ ոչ ռեժիսորը, մոտենում է վերջին արարին, ինչից հետո մավրը պետք է գնա, քանի որ մավրն իր գործն արդեն արել է։

Հիմա նա քացի-քացի է տալիս, չի ուզում գնալ, իր կերտած արհավիրքի մեջ մեղադրում է Ռուսաստանին եւ նետվում է Արեւմուտքի գիրկը՝ հույսով, որ վերջինս կուտի իր սարքած զզվելի ռուսական բորշը եւ իրեն կտա իշխանության (անվտանգության) երաշխիքներ։

Քաղաքագետ Աղասի Ենոքյան