Search
Close this search box.

Հայաստանի անվտանգության ապահովումը Ռուսաստանի առաջնահերթություններից է․ ՌԴ դեսպան

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքներն՝ ընդգծելով Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի անհապաղ դուրսբերման, հայ ռազմագերիների վերադարձի և հրադադարի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։

Գլխավոր դատախազը խոսել է նաև Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարված պատերազմական հանցագործությունների՝ հայ ռազմագերիների սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց խոշտանգման դեպքերի մասին և շեշտել այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններ կատարած անձանց և կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Կոպիրկինն ասել է, որ Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը բարձրացված հարցերը լուծելու համար՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության ապահովումը Ռուսաստանի առաջնահերթություններից է:

Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ-ադրբեջանական սահմանին սկիզբ առած ինտենսիվ ռազմական գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմից 206 զոհված և անհետ կորած կա, առնվազն 20 ռազմագերի, ադրբեջանական կողմից՝ 80 զոհված, երկու կողմերը հարյուրավոր վիրավորներ ունեն: Սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտարարվել է հրադադարի մասին: Այն, սակայն, պարբերաբար խախտվում է, ինչի հետևանքով հայկական կողմն արդեն 3 զոհ և մեկ վիրավոր ունի, ադրբեջանականը՝ 4 վիրավոր:

Սեպտեմբերի 28-ի ժամը 22-ից իրավիճակը սահմանին հարաբերականորեն կայուն է:

Հոկտեմբերի 2-ին առավոտյան համացանցում տարածվել էր տեսագրություն, որում ադրբեջանցի զինվորները դաժանաբար գնդակահարում են գերեվարված անզեն հայ զինվորականներին։

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունների՝ ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիների կանխամտածված սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ լայնածավալ հարձակման ընթացքում։