Search
Close this search box.

Ռուսական նոր ստորություն․ Կրեմլը «Զանգեզուրի միջանցքի» դիմաց կաշա՞ռք է առաջարկում

Հայաստանի մասնատման ու պետական ինքնիշխանության ոչնչացման Ռուսաստանի ծրագրերը բախվեցին Իրանի ու Արեւմուտքի կոշտ հակազդեցությանը եւ կրկին հրատապ դարձրին միջազգային դիտորդության եւ ՀԱՊԿ-ց դուրս գալու վերաբերյալ քննարկումները։ Մոսկվայի հիստերիան չուշացավ․ հայաստանյան ռուսանպաստ ագենտուրայի միջոցով արշավ է ծավալվել ՀԱՊԿ-ի հարցով եւ փորձում է միջազգային հնարավոր դիտորդությանը հակադրել ՀԱՊԿ դիտորդությունը, այդ ցուցանակի տակ «օրինական» հիմքերով իր ծրագրերն ավարտին հասցնելու համար։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ միջազգային դիտորդությունը «երեւակայական» է։ Իր հերթին, ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը, որը հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողովում ՌԴ ներկայացուցիչն է, փորձեց մահակի հետ խաղարկել նաեւ բլիթը։ Խոսելով հաղորդակցությունների բացման մասին, Օվերչուկը հայտարարեց, թե ճանապարհները լինելու են Հայաստանի իրավազորության տակ, եւ հաղորդակցությունների բացման պարագային ռուսական ներդրումները կարող են հասնել 5 միլիարդ դոլարի։

Նիկոլ Փաշինյանի հեռուստահարցազրույցի պարզ դարձավ, որ ճանապարհների հայկական վերահսկողության մասին խոսք չի կարող լինել։ Նախ, այդ ճանապարհները լինելու են ՌԴ ՖՍԲ վերահսկողության տակ, երկրորդ՝ ինչպես հայտարարել է Լավրովը՝ հաստատվելու է «պարզեցված ռեժիմ»։ Դա հաստատվեց նաեւ Փաշինյանի հարցազրույցով, ով խոսում էր սահմանային անցակետերերը երրորդ կողմին պատվիրակելու մասին։

ՀՀ ճանապարհների ՌԴ ՖՍԲ վերահսկողությունը եւ պարզեցված ռեժիմը հենց միջանցքն է, որը փորձ է արվում փաթեթավորել ռուսական շաղակրատանքով։ Այս ֆոնին, Օվերչուկի՝ 5 միլիարդ դոլարի ներդրումների մասին հայտարարությունը նման է կաշառքի առաջարկի՝ 5 միլիարդ միջանցքի դիմաց։ Միջանցքը ռուսների համար կենսական անհրաժեշտություն է՝ պատժամիջոցների պայմաններում Թուրքիայի հետ ուղիղ կապի եւ դրանք շրջանցելու համար գորշ գոտիների ձեւավորմամբ։ Ռուսաստանն այսօր ինքն է վերածվել գորշ գոտու, իսկ Թուրքիան նրա համար քաղաքական ու տնտեսական միակ հենարանն է, հաբ։

5 միլիարդ թիվը խորհրդանշական է դառնում ռուս-թուրքական ծրագրերում։ 2016-ի ապրիլյան ռազմագործողություններից հետո տեղեկություն տարածվեց, թե ռուսներն Ալիեւի կողմից առաջարկել էին այդքան գումար ինչ որ զիջումների դիմաց։ Այդ թիվը կրկին «առկայծեց» 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, ընդ որում՝ ռուսական համացանցում տարածված այն տեղեկության ֆոնին, որ Ալիեւը Պուտինին վճարել է 10 միլիարդ դոլար։ Չմոռանանք, որ Կրեմլի «հայամետ» փորձագետները թուրքերին պարբերաբար խորհուրդ են տալիս փողով հեղեղել Հայաստանը։

Ի՞նչ ներդրումների մասին է խոսքը։ Դրա փոխարեն, ռուսները կարող էին մատակարարել այն զենքը, որի դիմաց Հայաստանն արդեն վճարել է, եւ չխանգարել հայկական բանակի գործողություններին։ Սակայն ոչ զենքը կա, ոչ փողը, եւ Լավրովի ու Օվերչուկի հայտարարություններից պարզ է, թե ինչու։

Lragir.am