Search
Close this search box.

Դիրքը պայթեցրել են, ինքը եւ դիրքում գտնվող 6 տղաները զոհվել են

Ադրբեջանի կողմից սեպտեմբերին տեղի ունեցած հարձակման հետեւանքով զոհվել է 19-ամյա Հակոբ Բալաբեկյանը, նա Արմավիրի մարզի Արտիմետ գյուղից էր: NEWS.am-ի հետ զրույցում Հակոբի մորաքույրը պատմեց, որ Հակոբը տան միակ արու զավակն էր, ուներ 2 քույր:

«Հակոբը Կապանում էր ծառայում, սեպտեմբերի 13-ին` հարձակման օրը ինքը դիրքերում է եղել, դիրքը պայթեցրել են, ինքը եւ դիրքում գտնվող 6 տղաները զոհվել են»,- պատմեց նա:

Հակոբի ծնողները հողագործությամբ են զբաղվում, նոր սկսել էին իրենց տունը կառուցել:

«Հակոբը միշտ ասում էր, որ բանակից հետո կգա իր սենյակը ինքը կվերանորոգի, կահույք կգնի, ինքը վարսավիր էր աշխատում, ցանկանում էր սեփական վարսավիրանոցը ունենար: Չգիտեմ, ահավոր ցավ է, թող քրոջս ցավը վերջինը լինի ոչ մի ծնող չզգա այսպիսի ցավ դաժան հոգու ցավ, ցավում եմ բոլոր զոհվածների համար»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Սեպտեմբերի 25-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող։