Search
Close this search box.

Ռուսները զենքը չեն մատակարարել, իսկ փողը վերադարձրե՞լ են

Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում պաշտոնապես հաստատեց այն պնդումներն ու ենթադրությունները, որ Ռուսաստանը չի մատակարարում սպառազինությունը, որի դիմաց Հայաստանը վճարել է մեծ գումարներ։

2021-ի օգոստոսին ՌԴ Պնախարար Շոյգուն Հայաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին դաշույն նվիրելով, իբր հայտարարել էր, թե «Կարելի է համարել, որ Հայաստանին սպառազինություն մատակարարելու գործընթացը սկսված է»։ Ըստ ամենայնի, գումարները հենց այն ժամանակ էլ փոխանցվել էին։

Սակայն դրանից հետո Ալիեւը հայտարարեց, թե Շոյգուն չի ասել նման բան: «Մենք այդ հարցերով դիմել ենք ռուսական կողմին և ստացել ենք մեզ բավարարող պատասխաններ», ասել էր նա։ Հասկանալի է, որ Ալիեւը չէր ստում, ընդ որում, հետագայում պարզվեց, որ Ալիեւին Մոսկվան հավաստիացրել էր ամենաբարձր մակարդակով։

«Ռուսաստանի օգնությամբ հայկական բանակի արդիականացման» վերաբերյալ իշխանության, ռուսանպաստ «ընդդիմության» եւ մեդիա-փորձագիտական շրջանակների ապուշությունները սակայն շարունակվում են մինչ օրս, չնայած Արցախյան եւ ուկրաինական պատերազմների իրողություններին։ Այս պարագային առաջնային է իշխանության պատասխանատվության խնդիրը․ ինչպե՞ս կարելի էր հավատալ ու բաց աչքերով գումարներ փոխանցել Ռուսաստանին, այն դեպքում, որ Հայաստանի դեմ Կրեմլի իրականացվող ծրագիրը ենթադրում է այդ թվում Հայաստանի ապառազմականացում եւ զինաթափում, ինչը փաստացի ամրագրված է նաեւ ռուս-թուրքական համաձայնություններում։

Ավելին, Հայաստանը ՀԱՊԿ-ում ամուր փակելու նպատակներից մեկը Հայաստանի պաշտպանական կարողությունների սահմանափակումն է, դիվերսիֆիկացիայի բացառումը, այդ թվում՝ նորագույն եւ ավելի լավ որակի սպառազինության մատակարարումների։ Դրա համար Մոսկվան նաեւ դիվանագիտական նկատելի ջանքեր է գործադրում։ Իսկ Լենին-Աթաթուրք եւ Պուտին-Էրդողան պակտերի կարեւորագույն կետերը վերաբերում են ՀՀ սահմանների անպաշտպանելիության ապահովմանը։ ՀԱՊԿ-ից դուրս չգալու՝ ռուսանպաստ խաժամուժի ողջ աղմուկը բխում է Մոսկվայի այս ծրագրերից։

Հատկանշական է, որ ըստ Փաշինյանի մեկ այլ հրապարակավ խոստովանության, Մոսկվան, որը Բաքվի ներխուժումները համարում է «միջադեպեր վիճելի տարածքներում», դեռ 2021-ի մայիսյան ներխուժումներից հետո խոստացել էր, որ սահմանազատման հանձնաժողովների ստեղծմամբ դրանք կդադարեն։ Հանձնաժողովը ստեղծվել է, սակայն դրանք շարունակվում են։ Է՞լ ինչ խոստումներ է տվել Մոսկվան, չհաշված հայաստանյան թերթերից մեկի՝ «ռուսները շուտով վերադարձնելու են Փառուխը, ռուսները որ սահմանին կանգնած են՝ Ալիեւը չի հարձակվի» եւ նման տիպի ռուսական «մանր-մունր» խոստումները։

Ավելորդ է հարցնել՝ փողը ռուսները վերադարձրե՞լ են։

Lragir.am