Search
Close this search box.

ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած նոր միջադեպի մասին

Խաղաղությունը չի կարելի ուժով պարտադրել։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Այսպիսով նա մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած նոր միջադեպը:

«Այսօր կրկին ահազանգեր են ստացվել երեք սպանված զինվորների և մեկ վիրավորի մասին։ Այս և շատ այլ անիմաստ զոհերը սնուցում են ատելությունն ու անկայունությունը։ Անվտանգությունը, հիրավի, հնարավոր է միայն այն դեպքում, եթե պահպանվում են սահմանները, և զորքերը չեն բախվում միմյանց մոտ հեռավորությունից. խաղաղությունը չի կարելի ուժով պարտադրել», — նշել է Կլաարը թվիթերյան էջում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ապօրինաբար գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրակ են բացել սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմից զոհվել է երեք մարդ: