Search
Close this search box.

Բունդեսթագի փոխխոսնակի հայտարարությունից հետո Գերմանիայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

Անկարայում Գերմանիայի դեսպանին Թուրքիայի ԱԳՆ են կանչել Բունդեսթագի փոխխոսնակ Վոլֆգանգ Կուբիկիի` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչեցրած արտահայտությունների համար։ Անկարան դրանք վիրավորական է համարել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թանջու Բիլգիչին։

Կուբիկին վիրավորել է Էրդողանին փախստականների հետ կապված ճգնաժամում նրա գործողությունների պատճառով։ Քաղաքական գործիչը քննադատել է նաև Գերմանիայի կառավարության քաղաքականությունը` նշելով, որ երկիրը չպետք է կրկին գրկաբաց լինի փախստականների հնարավոր նոր ճգնաժամի դեպքում։ Ըստ քաղաքական գործչի` Թուրքիան կարող է միտումնավոր հրահրել հաջորդ ճգնաժամը։

«Մենք խստորեն դատապարտում ենք Վոլֆգանգ Կուբիկիի վիրավորական արտահայտությունները, որոնք հնչել են Ներքին Սաքսոնիա դաշնային նահանգում նախընտրական քարոզարշավի շրջանակում: Այդ անընդունելի հայտարարությունները չեն համապատասխանում խորհրդարանի խոսնակի տեղակալի պաշտոնին և լիովին զուրկ են քաղաքական բարոյականությունից ու պատասխանատվությունից»,- ասել է թուրք դիվանագետը։

Բիլգիչը նշել է, որ Կուբիկին անպարկեշտ արտահայտություններ է արել, որոնք ցուցադրել են նրա գռեհկությունը։