Search
Close this search box.

Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցը

Ուղիղ երկու տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7։10-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Միաժամանակ շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով թշնամին օդուժի, հրետանու, անօդաչուների կիրառմամբ հարձակում սկսեց՝ այդ թվում հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը։

Մարտական գործողություններն ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում, եւ տեւեցին 44 օր:

Թուրք–ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմի առաջին օրը Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Պատերազմի 44 օրերի ընթացքում Ադրբեջանը կիրառեց միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ՝ կասետային հրթիռներ, ֆոսֆորային զինամթերք, բայրաքթարներ, թիրախավորեց Արցախի և Հայաստանի քաղաքացիական բնակչությանը, ենթակառուցվածքները:

2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրվեց եռակողմ հայտարարություն, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը հանձնվում է Ադրբեջանի վերահսկողությանը՝ Քարվաճառի շրջանը, Ակնայի շրջանը, Լաչինի շրջանը՝ բացառությամբ Լաչինի միջանցքի, Շուշի քաղաքը, Հադրութի շրջանի մեծ մասը, Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր, իսկ Արցախի հանրապետության մնացած տարածքի անվտանգությունն այժմ պահպանում են ռուս խաղաղապահները։

Ամբողջ պատերազմի ընթացքում Թուրքիան բացահայտ ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին: