Search
Close this search box.

Ի՞նչ վիճակում է ադրբեջանական կրակոցներից վիրավորված զինծառայողը

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արամ Թորոսյանը ադրբեջանական զինուժի կրակոցներից վիրավորված զինծառայողի վերաբերյալ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։
«Քիչ առաջ վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»,– գրել է նա:

ՀՀ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 20:00-ի սահմանում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետների և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։

ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: