Search
Close this search box.

Իրավիճակն այս պահին՝ Ներքին Հանդում

Ներքին Հանդում իրավիճակը ներկա դրությամբ հանգիստ է, խուճապ չկա։ Երեկ ուշ երեկոյան թշնամու կողմից գյուղի ուղղությամբ արձակված կրակոցներից հետո նոր սադրանքներ չեն եղել։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Նարե Ղազարյանը։

«Ներքին Հանդի բնակիչներից ոմանք արդեն վերադարձել են, ոմանք էլ գնում-գալիս են ընթացքում։ Հարևան Սրաշենում բնակչության մեծ մասն է արդեն հետ եկել ու այնպես չէ, թե երեկվա կրակոցները վախեցրել կամ խուճապի մեջ են գցել մարդկանց։ Թշնամին դա է ուզում, իհարկե, բայց կարևորը՝ մարդիկ կառչած են իրենց հողից։ Տղամարդիկ զինված են, պատրաստ ինքնապաշտպանության»,-նշեց փոխմարզպետը։

Որպեսզի աշխարհազորի հնարավորություններն ավելի արդյունավետ օգտագործվեն և պաշտպանությունն ավելի գրագետ կազմակերպվի, փոխմարզպետի խոսքով, աշխարհազորի և ԶՈՒ ներուժը համադրելու ուղղությամբ քայլեր են անում։

«Դեռ մանրամասները չեմ կարող հայտնել, բայց ասեմ, որ տարբերակներ ենք մտածում, որ աշխարհազորը կարողանա ավելի արդյունավետ գործել և օգնել բանակին։ Ասեմ նաև, որ մեր զինվորների ու բազմաթիվ հրամանատարների անձնազոհության շնորհիվ է, որ այսքանն ունենք հիմա։ Եթե նրանց այդ ուժը չլիներ, մենք ավելի տխուր վիճակում կլինեինք այսօր։ Ճիշտ է, եղել են հրամանատարներ, որոնք զինվորին մենակ են թողել, բայց ճիշտ չէ դա տարածել բոլորի վրա, արժեզրկել զինվորականների արածն ու կոտրել նրանց ոգին։ Զինվորը պետք է զգա, որ իր շնորհիվ ենք այսօր ապրում»,-ասում է Ղազարյանը։

Անդրադառնալով թշնամու կողմից գյուղացիներին պատկանող գույքի, անասունների հափշտակության դեպքերին՝ փոխմարզպետը նշեց, որ դրանք հիմնականում եղել են Իշխանասարի հատվածում, քանի որ անասուններին հիմնականում այնտեղ էին արոտի տանում։ Ղազարյանի խոսքով՝ երկու ձի էլ հափշտակվել է Խնածախից։