Search
Close this search box.

Օհանյանը` ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ արտաքին քաղաքականության մեջ մեր իշխանությունները պարտվողական կերպարի մեջ են ու չեն կարողանում բանակցել, մեր խնդիրը պետք է լինի ձերբազատվել պարտված իշխանություններից և փոխել բանակցողին։

«Բանակցողին փոխելով՝ մենք միանշանակ կփոխենք ամեն ինչ։ Մեր տարածաշրջանում անվտանգությունը միշտ փխրուն է և սպառնալիքները ահագնացող են լինելու այնքան ժամանակ, մինրև մեր մեջքը չուղղենք»,- նշեց պատգամավորը։

Օհանյանն անդրադարձավ նաև վերջին իրադարձությունների ֆոնին ՀԱՊԿ-ից առաջացած դժգոհություններին և կառույցից դուրս գալու պահանջներին․ «Եկեք ռեալ նայենք իրավիճակին։ Մենք գտնվում ենք արևմուտքի ու արևելքի հատման կետում, բայց աշխարհագրությամբ մենք ավելի շատ մոտ ենք հավաքական անվտանգության տարածաշրջանին, որպես հետխորհրդային երկիր՝ ինտեգրված ենք պաշտպանական, սպառազինման ու ռազմական տեխնիկայի տիրապետման առումով։ Տարիներ ի վեր Հայաստանը լուրջ աշխատանք է տարել այս ռազմաքաղաքական կառույցի զարգացման ուղղությամբ։ Այն ժամանակ, երբ մենք իշխանության էինք, լուրջ աշխատանք է կատարվել ՀԱՊԿ-ում։ Յուրաքանչյուր կազմակերպություն էլ ունի թերություններ, նույն թերություններ էլ ՆԱՏՕ-ն ունի, որի ներսում էլ կան հակամարտության մեջ գտնվող երկրներ։ Հիմա ինչի՞ համար ենք հրճվում, որ ՀԱՊԿ-ի որոշումների մեջ կան սխալներ, ինչ են արել այսօրվա իշխանությունները ՀԱՊԿ-ի որոշումների ընդուման, կառույցը ամրապնդելու ուղղությամբ։ Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի ամրության համար մեր երկիրն էլ իր ներդրումը պետք է ունենար»։

Օհանյանի խոսքով` մինչև ՀԱՊԿ-ին դիմելը ՀՀ իշխանությունները ներսում պետք է մոբիլիզացիայի որոշում ընդունեին։

«Տպավորություն է, որ մեր իշխանությունները նիրհում են և ուրիշներին ասում են՝ եկեք, մեր երկիրը պաշտպանեք»,- ասաց Սեյրան Օհանյանը։