Search
Close this search box.

Եթե պատերազմ լինի, դա լինելու է Երեւանից 2 ժամ հեռավորության վրա. մենք դեռ ժամանակ ունենք. Վահե Հովհաննիսյան

Եթե պատերազմ լինի, դա լինելու է Երեւանից 2 ժամ հեռավորության վրա. այս պայմաններում ես չեմ հասկանում այդ անտարբերությունը, որ փիլիսոփայական կեցվածք ընդունած քննարկում է հայ հասարակությունը, քաղաքական էլիտան, իշխանությունը, ընդդիմությունը. մմի տեսակ չի հասկացվում, թե ինչով ենք մենք զբաղված: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, հսաարակությունը բաժանվել է երեք խմբի. «Մի մասը փաստաթուղթ ստորագրելու կողմնակիցներն են, մի մասը՝ մոլի հակափաստաթղթայինները: Ոչ ոք չի հարցնում՝ խոսքն ի՞նչ փաստաթղթի մասին է, ինչ բովանդակության, ի՞նչ է լինում, եթե ստորագրում ենք եւ ինչ է լինում, եթե չենք ստորագրում: Մի այլ ուղղություն էլ միջանցք տրամադրելու կողմնակիցներ եւ հակամիջանցքայիններն են, ու էլի զրո շարունակություն: Ինչի՞ մասին է միջանցքը, որտեղից՝ որտեղ, ինչ է տալու կամ չի տալու: Եվ երրորդ խումբը ալարմիստներն են, որ ասում են՝ վայ, սահմանին 200 հազար թուրքական զորք կա, հիմա մտնելու է, պատրաստվեք:

Մենք պետական մտածողությամբ չենք զբաղված եւ հայկական վերնախավերն այսօր բամբասանքի մեջ են: Մենք բամբասում ենք, թե մեզ կտանե՞ն պատերազմի, մեր երկիրը կվերածվի Սիրիայի, թե՞ ոչ: Այդպես չի լինում, քանի դեռ մենք պետություն ունեցող ժողովուրդ ենք, մենք խնդիրները պետք է նայենք պետական հարթության մեջ: Եթե կա պատերազմի վտանգ, ի՞նչ ենք անում, որ չլինի պատերազմ: Եթե լինի պատերազմ, ստանալու են այն, ինչ ուզում են, գուցե նրանց վերջնանպատակը Երեւա՞նն է: Եթե կանգնացնող չլինի, ի՞նչ պետք է լինի: Պետք է ամեն ինչ անել, որ պատերազմը չլինի, սա է պետական մտածողությունը: Մնացածը ֆատալիստական դատողություններ են: Ի՞նչ ասել է՝ պատերազմ Երեւանից 2 ժամ հեռավորության վրա: Դա պետականության վտանգի ռեալ վտանգ է: Երբ 44-օրյա պատերազմի ժամանակ շենքերի մուտքերում փակցրած էր ապաստարանների, նկուղների տեղերը, պատերազմից 5 օր հետո մարդիկ դա մոռացան»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե կա տեսակետ հանրության շրջանում, որ սսա աշխարհաքաղաքական խաղ է, մեզնից ոչինչ կախված չէ, Վահե Հովհաննիսյանն ասաց. «Մորթվող խոզի հոգեվաիճակով պետություն չեն պահում: Այստեղ ապրում է 3 մլն մարդ, մենք, մեր երեխաները, ընտանիքները, սա մեր հայրենիքն է, որը մենք չպետք է արկածախնդրության տարր դարձնենք: Այն, որ կա Ռուսաստան-Արեւմուտք բարիկադավորում, այն, որ այդ բարիկադավորումը ուկրաինական պատերազմից հետո շատ սուր է, այդ ամենը կա, բայց պետությունը, սոլիդ իշխանությունը, նաև ոչ իշխանական էլիտաները նրա համար են, որ պետությունը հետ պահեն այդ արկածախնդրությունից: Մեր խնդիրն էր չմտնել այդ երկու բեւեռների արանքը: Մենք ունեինք դրա բոլոր հնարավորությունները, հիմա էլ ունենք, թեեւ վերջին շաբաթներին մենք մեր վիճակը բարդացրեցինք:

Մենք դեռ ժամանակ ունենք եւ շատ կարեւոր է, որ պատասխանատվություն զգացող գործիչները, հանրային շերտերը իսկապես կոնսոլիդացվեն: Մենք պետք է համատեղ գործ անենք, գիտակի շերտերով փորձենք ինչ-որ բան փոխել: Ուրիշի վրա հույս դնել չի կարելի: Այս արկածախնդրությունը, որ այսօր կա Հայաստանում, անհոգությունը, որ կարծես Հայաստանի մասին չէ, դա աղետի դուռ է բացում»,-հայտարարեց նա: