Search
Close this search box.

Զոհված զինծառայողների հարազատները պահանջում են անուններ հրապարակել

Ադրբեջանական ագրեսիայից օրեր անց Պաշտպանության նախարարությունը դեռևս հստակ թվեր չի ներկայացնում, թե հայկական կողմն ինչ կորուստներ է ունեցել: Վերջին թիվը ներկայացրել է Փաշինյանը կառավարության նիստում՝ ունենք 135 զոհ, վիրավորների և անհետ կորածների մասով որևէ տեղեկատվություն չկա: Ասում են՝ ճշտում ենք: Միևնույն ժամանակ պետական մակարդակով չի հրապարակվում հերոս զինծառայողների անունները, ովքեր զոհվել են հայրենիքի պաշտպանության համար:

Նախօրեին արդեն սոցիալական ցանցերում 44-օրյա պատերազմի զոհերի հարազատները, մայրերը, քույրերն ու ընկերները ֆլեշմոբ են սկսել՝ պահանջելով հրապարակել հերոսների անունները:

Պահանջը հետևյալն է.

«Պահանջում են, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն անհապաղ հրապարակի մեր նոր անմեղ զոհերի անունները, որպեսզի ճանաչենք մեր հերոսներին և պատիվ ունենանք նրանց հրաժեշտ տալու և մայրերի կողքին կանգնելու»:

Զոհերի հարազատները կոչ են անում միանալ պահանջին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։