Search
Close this search box.

Նենսի Փելոսին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փելոսին ծաղկեպսակ դրեց հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ:

Փելոսիին, որը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 17-ին, ուղեկցում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ծիծեռնակաբերդի բարձունքում են նաև պատվիրակության անդամները՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ եւ կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն եւ Ջեքի Սփիերը։

Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշումներ ունի դեռևս 1916, 1919 և 1920 թվականներից: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշումներ է ընդունել 1975 և 1984 և 1996 թվականներին: Այնուհետև ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կոմիտեի որոշումներ են ընդունվել 2007, 2010 թվականներին:

2019 թվականի հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հաստատող բանաձև, իսկ 2019 թվականի դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: 2021 թվականի ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղած ուղերձում Ջո Բայդենն ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Նա իր ելույթում օգտագործեց «Ցեղասպանություն» եզրույթը: