Search
Close this search box.

Ադրբեջանի հարձակման հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող, բուժքույր Իրինա Գասպարյանը

Սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող, բուժքույր Իրինա Գասպարյանը։

NEWS.am–ին Իրինա Գասպարյանի հարազատները պատմեցին, որ Իրինան 47 տարեկան էր, 5 տարի առաջ է ծառայության անցել, աշխատում էր Գեղարքունիքի զորամասերից մեկում։ Նա մասնակցել է նաեւ 44–օրյա պատերազմին։

Իրինան Վարդենիսից էր, երկու երեխաների մայր։

Հիշեցնենք, որ այս պահին հայտնի է եւս 3 կին զինծառայողների զոհվելու մասին՝ Սուսաննա Մարգարյան, Անուշ Աբետյան եւ Ալիսա Մելքոնյան։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Սեպտեմբերի 16–ի դրությամբ հայկական կողմն ունի հաստատված 135 զոհ։

Սեպտեմբերի 14–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ՝ ադրբեջանցիները Հայաստանից օկուպացրել են 10 քառակուսի կմ։