Search
Close this search box.

ՄԱԿ-ի ԱԽ նիստում միջազգային հանրությունը հակառակ արձագանք տվեց Ադրբեջանի այն թեզին, թե ԼՂ հիմնախնդիր չկա. Միրզոյան

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստում սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած քննարկման արդյունքներով փաստաթուղթ առայժմ չի ընդունվել, բայց այդ փաստը որևէ կերպ չպետք է նսեմացնի տեղի ունեցած քննարկման կարևորությունը, Կառավարության նիստում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով` քննարկմանը մասնակցող երկրների ճնշող մեծամասնությունը ընդգծել է ուժի կիրառման անթույլատրելիությունը, Հայաստանի սուվերեն տարածքի անձեռնմխելիությունը, բազմիցս օգտագործվել է «ագրեսիա» եզրույթը:

«Շատ հստակ ընկալում կա, որ սա ներխուժում, ագրեսիա է Հայաստանի տարածքի նկատմամբ, որ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, որ ներխուժողը պետք է վերադառնա ելման դիրքեր: Խոսք է եղել նաև ԼՂ հակամարտության մասին: Ադրբեջանի ղեկավարության թեզը, որով նրանք փորձում են շրջանառել, որ ԼՂ հիմնախնդիր չկա, ԼՂ չկա, երեկ իր համարժեք հակառակ արձագանքը ստացավ միջազգային հանրության կողմից»,-ասաց նա:

Միրզոյանը նշեց, որ պետք է շարունակել աշխատանքներն այս ուղղությամբ: «Գնահատանքի խոսքեր եմ ուզում ասել այն երկրներին, ովքեր դադարել են այլևս հավասարության նշան դնել ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև, բայց նաև պետք է խոստովանեմ, որ առանձին երկրների կամ երկրի դեպքում ունեինք մի փոքր ավելի ակնկալիքներ, բայց գաղտնիք չէ, որ դրանք չարդարացան»,-հավելեց նա: