Search
Close this search box.

Ազնավուրի կյանքի օդն ու սիրուհին. շանսոնյեն հարցազրույց է տվել ֆրանսիական պարբերականին

Աշխարհահռչակ հայազգի շանոսնյե Շառլ Ազնավուրի համար երգն իր օդն է և սիրուհին, բացի երգելուց այլ աշխատանք չի կարող կատարել: Այդ մասին Ազնավուրը նշել է ֆրանսիական Le Telegramme-ին տված հարցազրույցում:

«Ես չեմ կարող այլ բան անել, բացի այս աշխատանքից, ես ոչինչ չգիտեմ, և չեմ էլ ցանկանում իմանալ: Ինչպես ասում է իմ կինը՝ սա իմ օդն է, իմ սիրուհին»,- ասել է Ազնավուրը՝ պատասխանելով հարցին, թե ինչ մոգական ուժ է օգնում իրեն երգել բեմում:

Լրագրողը շանսոնյեյից հետաքրքրվել է՝ արդյո՞ք պատկերացնում էր այսքան մեծ փառք: «Ոչ: Որովհետև, նախ չեմ երազել դրա մասին, ես ցանկանում էի անել աշխատանք, որը կձգվի երկար: Փառքի գաղափարը շատ ուշ է եկել, բայց դա ինքնանպատակ չէ, այլ պարզապես գագաթնակետ»,- պատասխանել է Ազնավուրը:

Լրագրողը հիշեցրել է Ազնավուրի խոսքերը, թե երգն առաջին հերթին տեքստ է, այլ նոր հնչող մեղեդի, ինչի կապակցությամբ շանսոնյեն ավելացրել է, որ մեղեդին գալիս է, իսկ առաջինը տեքստն է. «Կոմպոզիտորը պետք է հարմարվի իմ տեսքտի երկարությանը, և մեղեդին բնականաբար ձգվում է: Եթե չափազանց երկար է, այն չի աշխատում: Մենք երգում կարող ենք շատ բան ասել, բայց մենք պետք է գտնենք դյուրացումներ, էլիպսներ»:

Միաժամանակ, Ազնավուրն ընդգծել է, որ համաձայն չէ այն մտքի հետ, թե երգը երկրորդական արվեստ է: Նրա խոսքով, երգն ունիվերսալ արվեստ է. «Մենք ծնվում ենք երգով և մահանում երգով, երգն ուղեկցում է մեզ մեր ողջ կյանքում՝ օրորոցային, մանկական երգեր, քայլ դեպի քայլ, ամուսնություն, հնարավոր է ամուսնալուծություն և վերջապես…»:

Լրագրողը նկատել է, եթե կա ֆրանսիական երաժշտության միայն մեկ հսկա, ապա դա Ազնավուրն է: «Չափազանց ծանր չէ՞ դա կրելը»,- հարցրել է նա:

«Ես վերջին հսկան չեմ: Մյուս կողմից, ես, առանց կասկածի, ֆրանսիական երաժշտության առաջին դասականն եմ: Ես կարդացել եմ դասական շատ գրողների՝ Լա Ֆոնտեն և Վիկտոր Հյուգո, Մոլիեր, և իհարկե ռուս գրողների՝ Տոլստոյ, Դոստոևսկի: Նրանք հարստացրել են ինձ»,- ասել է Ազնավուրը՝ ավելացնելով, որ իր աշխատանքը կոմեդիան է, ինչը բնականաբար տանում է իրեն մարմնավորման, որպեսզի ժեստերի ու դեմքի արտահայտությունների միջոցով իր երգերը լինեն կենդանի:

Հարցին, թե մեր ժամանակներում ի՞նչն է իրեն դուր գալիս և հակառակը՝ Ազնավուրը նշել է. «Շատ բաներ ինձ չեն վախեցնում: Ես մի երգ եմ գրել, որը կձայնագրեմ իմ հաջորդ ալբոմի համար: Այն կոչվում է՝ «Մենք պարում ենք ժամանակով»: Ես նշում եմ բռնության, մարդկային արժեքների կորստի, ամեն ինչ վաճառելու, սոցիալական ցանցերի միջոցով վախկոտության վերաբերյալ, որտեղ հնարավոր է թաքնվել և վատ խոսել ողջ աշխարհի մասին: Չխոսեմ արդեն մի քանի չափազանց գռեհիկ հեռուստածրագրերի մասին»:

Արդյո՞ք նախանձում է Բոբ Դիլանին, ով արժանացել է Նոբելյան մրցանակի և ով հիանում է Ազնավուրով: Հարցին ի պատասխան, շանսոնյեն շեշտել է. «Ոչ, ես ուրախ եմ նրա համար: Դա ինձ պետք չէ: Ես արդեն ունեմ Նոբելյան մրցանակ տանը՝ իմ կինը, նա շվեդուհի է»: