Search
Close this search box.

Թումանյան համայնքի բնակիչները փակել էին Մ6 միջպետական ճանապարհը

Լոռու մարզի Թումանյան համայնքի բնակիչներն այսօր՝ սեպտեմբերի 12–ին, փակել էին Մ6 միջպետական ճանապարհը եւ պահանջել վերանորոգել իրենց գյուղեր տանող միջհամայնքային ճանապարհները, որոնք գտնվում են անբարեկարգ վիճակում։

«Ժամը 10։30–ի սահմանում բնակիչները փակել էին միջպետական ճանապարհը եւ պահանջում էին Մարց, Ահնիձոր, Քարինջ, Լորուտ, Շամուտ եւ Աթան գյուղեր տանող ճանապարհները վերանորոգել։ Կառավարությունը 2021-ին գումար էր հատկացրել ճանապարհների վերանորոգման համար, բայց այդ գործընթացը առաջ չէր գնացել, ըստ որոշ տեղեկությունների՝ պատճառներից մեկն այն էր, որ այդ ճանապարհներով անցնող ՀԷԿ-րի խողովակները կարող են վնասվել վերանորոգման ժամանակ»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը, որը ներկա է եղել ակցիային։

Միջպետական ճանապարհը փակելուց 20 րոպե անց՝ ժամանել է Թումանյանի ոստիկանապետը եւ համոզել բնակիչներին՝ ճանապարհը բացել։ Բնակիչները երբ լսել են, որ մարզպետը ժամանելու է՝ բացել են միջպետական ճանապարհը։

«Երբ մարզպետը եկավ, ասաց, որ իր համար անհայտ է, թե ինչու է շինարարական ընկերությունն ուշացրել շինաշխատանքները։ Նա տեղեկացրեց, որ Կառավարությունը շինընկերության հետ պայմանագիրը չեղարկել է, իսկ այս շաբաթ էլ հայտարարվելու է նոր մրցույթ, որը կապահովի ճանապարհների վերանորոգման ընթացքը։ Մարզպետի խոսքով՝ առաջին տասնօրյակում պետք է վերանորոգման մեկնարկը տրվի։ Ինչ վերաբերում է ՀԷԿ–երի խնդրին, մարզպետն ասաց, որ ՀԷԿ–երը իրենք են հանձն առել, որ լուծեն խնդիրները, որպեսզի խոչընդոտ չլինի ճանապարհների վերանորոգման ժամանակ»,– ասաց Օլեգ Դուլգարյանը։

Նրա խոսքով՝ բնակիչները կսպասեն, եթե մարզպետի նշած ժամկետում տեղաշարժ չլինի, ապա նորից ակցիա կանեն։