Search
Close this search box.

Անկարան և Բաքուն բաց չեն թողնի ագրեսիա սկսելու հնարավորությունը․ ինչ է առաջարկում Օհանյանը

2020թ․-ի պատերազմն Արցախում էապես փոխել է տարածաշրջանի անվտանգության միջավայրը և հանգեցրել է ռազմաքաղաքական հավասարակշռության խախտման։ Այս մասին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կազմակերպած հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նախկին նախարարը թվարկել է այն ռիսկերն ու սպառնալիքները, որոնց չեզոքացումն այսօր առաջնային խնդիր է դարձել մեզ համար։ Նրա կարծիքով` 44-օրյա պատերազմի հետևանքները մեծացրել են Ադրբեջանի ախորժակը և Թուրքիային ներգրավել են տարածաշրջանային գործընթացներում: Իսկ Հայաստանն այլևս Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը չէ։ Ավելին, Հայաստանի՝ սեփական անվտանգությունը երաշխավորելու կարողությունը նույնպես մեծ հարցականի տակ է։

Օհանյանը հայտարարեց, որ նախկին համակարգը, որն ապահովում էր Հայաստանի անվտանգությունը և բաղկացած էր չորս հիմնական տարրերից՝ բանակից, հայ-ռուսական քաղաքական հարաբերություններից և ՀԱՊԿ-ի գործոնից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի շրջանակներում դիվանագիտությունից և տնտեսաքաղաքական բալանսից, այսօր քանդված է:

Օհանյանի կարծիքով՝ հայկական բանակի գործոնը տարածաշրջանում էապես թուլացել է։ Բացի այդ, 2018 թվականից ի վեր Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ արտաքին երկկողմ և բազմակողմ հարաբերությունները հետևողականորեն վատացվել են, դիվանագիտությունը ձախողել են՝ վատնելով տարիներով կուտակված հսկայական դիվանագիտական ներուժը և գործընթացը փակուղի մտցնելով։ Դա Ադրբեջանին հնարավորություն է տվել դիմել ռազմական սցենարի։ Տնտեսության առումով նույնպես որևէ լուրջ առաջընթաց չկա, ընդհակառակը, նկատվում է գնաճ և աղքատության աճ։ Այս ամենը բերում է հասարակության պառակտմանը և բնակչության արտահոսքին։

Օհանյանը հիշեցրել է նաև անցյալ տարի Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը»։ Նրա խոսքով` Թուրքիան միանշանակ ադրբեջանամետ դիրքորոշում ունի, ի տարբերություն Ռուսաստանի, որն այս ամբողջ ընթացքում հավասարակշռող արբիտրի դերում է հանդես եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Եվ բացառապես ռուսական գործոնի շնորհիվ է, որ Անկարան ու Բաքուն մինչ օրս ձեռնպահ են մնացել Հայաստանի դեմ ոտնձգություններից։ Սակայն իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի, և Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում լարվածության պայմաններում թուրք-ադրբեջանական տանդեմը հարմար պահին կարող է ագրեսիա իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ։

Խմբակցության ղեկավարի կարծիքով՝ վատթարացող տարածաշրջանային իրադրության և սպառնալիքների ուժեղացման պայմաններում երկրի իշխանությունները պետք է շտապ ուսումնասիրեին 44-օրյա պատերազմի հետևանքները և ռազմավարական վերանայման ճանապարհով որոշեին ճգնաժամից դուրս գալու առաջնահերթությունները: Բայց նման բան տեղի չի ունեցել, պաշտոնյաները հանգիստ նստած են իրենց աշխատասենյակներում՝ վայելելով աշխատանքային առօրյան ու պարգևավճարները։
Հենց այդ պատճառով էլ ընդդիմությունը կարծում է, որ իրավիճակից դուրս գալու գլխավոր պայմանը նոր առաջնորդի, ազգային շահերով առաջնորդվող նոր բանակցողի առկայությունն է։ Օհանյանը համոզված է, որ հեռացնելով իշխանությանը՝ հնարավոր կլինի իրավիճակը փոխել հօգուտ Հայաստանի։

Նոր իշխանությունը պետք է մի շարք հրատապ միջոցներ ձեռնարկի, ինչպիսիք են հայկական բանակի վերակառուցումը, Ռուսաստանի հետ հարաբերությունների որակական բարելավումը և հատկապես Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի դերի ու գործառույթների սահմանումը, ողջ հայության ներուժի օգտագործումը տնտեսության զարգացման համար, հասարակության համախմբումը:
«Դիմադրություն» շարժումը կշարունակի պայքարել Հայաստանում իշխանափոխության համար. Սաղաթելյան
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը հայտարարել է տարբեր ուժերի և անհատների հետ հանդիպումներ և քննարկումներ սկսելու մասին։ Այսօր կայացավ այդ ձևաչափով առաջին հանդիպումը։