Search
Close this search box.

Ռուսաստանում խոսում են պարտության մասին․ Պուտինի վերջին տարբերակը

Սեպտեմբերից սկզբից ավելի քան 3000 քառակուսի կիլոմետր տարածք վերադարձվգել է Ուկրաինայի վերահսկողության տակ, հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։ «Խարկովի ուղղությամբ շարժվում ենք ոչ միայն դեպի հարավ ու արևելք, այլ նաև հյուսիս։ Պետական սահմանին հասնելուն 50 կիլոմետր է մնացել», -նշել է նա։

Ռուսական ալիքները չեն թաքցնում խուճապը․ Ռուսաստանի առավել արմատական շրջանակներն սկսում են խոսել մոտալուտ պարտության մասին։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ՌԴ ՊՆ-ից հստակ բացատրություն չկա։ Կադիրովը խոստովանել է ձախողումները Իզյումում, Կուպյանսկում և Բալակլեայում։ «Եթե այսօր-վաղը փոփոխություններ չլինեն «հատուկ ռազմական գործողությունում», ստիպված եմ լինելու կապվել ՊՆ ու երկրի ղեկավարությանը, որ բացատրել իրավիճակը»,- նշել է նա։

Հակահարձակումն ակտիվ փուլ է մտել սեպտեմբերի 8-ից, երբ կայացավ Ռամշտեյն-5-ը, որտեղ Ուկրաինայի գործընկեր երկրները միանշանակ ազդարարեցին իրենց աջակցության նպատակը՝ Ուկրաինայի վերջնական հաղթանակ։ Բացի այդ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսել է Մեծ յոթնյակի երկրների առաջնորդների հետ, իսկ պետքարտուղար Բլինքենը չազդարարված այցով եղել է Կիևում։ Գերմանիայի կանցլեր Շոլցը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ռուսական գազի անջատմանը։

Այսպիսով, գազային մահակը, ուկրաինական տարածքների օկուպացիան, հանրաքվեի սպառնալիքը չաշխատեցին, և աշխարհը չտրվեց շանտաժին։

Հիմա, ինչպես փորձագետներն են նշում, Պուտինը փորձում է ժամանակ շահել մինչև Սամարղանդում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովը, որտեղ հավաքվելու են Եվրասիայի առաջնորդները։ Պուտինը կփորձի ռազմական օգնություն ստանալ Չինաստանից մեծ արտոնությունների դիամց։ Փորձագետները դա համարում են Պուտինի վերջին տարբերակը՝ չնայած քիչ հավանական են համարում Չինաստանի աջակցությունը։

Ռուսաստանում վերջին տարբերակ են համարում միջուկային մահակը։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երեկ աղոթել է խաղաղությունը միջուկային սպառնալիքից պաշտպանելու համար, բայց, միևնույն ժամանակ էլ, ինչպես նշում են անկախ վերլուծաբանները, Պուտինին հստակ բացատրել են, որ ցանկացած միջուկային հարված նրան կյանք է արժենալու անգամ ամենախոր բունկերում։ Անցած անգամ, երբ Ռուսաստանում հերթական անգամ սպառնացին միջուկային զենքով, ԱՄՆ-ն Քաբուլում ալ-Կաիդայի առաջնորդի վերացման ոսկերչական գործողություն իրականացրեց։ Այն ժամանակ ցուցադրաբար կիրառվեց մի հրթիռ, որն ունի բազմաթիվ պտտվող դանակներ, որը ֆարշի է վերածում թիրախը։

Lragir.am