Search
Close this search box.

Քիչ առաջ ավարտվեց երեկ հայրենիք վերադարձած գերիների հարցաքննությունը

Մոտ երեսուն րոպե առաջ Քննչական կոմիտեում ավարտվեց երեկ Հայաստան վերադարձած արդեն նախկին գերիների հարցաքննությունը: Նրանց հետ զրուցել, սակայն, չհաջողվեց, քանի որ տղաները դուրս եկան ետևի մուտքից:

Տեղում գտնվող հարազատներն ասացին, որ նրանք քիչ ավելի ուշ շարժվելու են դեպի իրենց տներ: Թե քննչական այս գործողություններից հետո նախկին ռազմագերիներն ինչ կարգավիճակ ունեն, հայտնի չէ, ճշտել առայժմ չի հաջողվել իրավապահ կառույցից:

Նրանք առավոտից Երևանի քննչական կոմիտեի զինվորական վարչությունում էին:

Ռազմագերիներից չորսը գերեվարվել էին Խծաբերդի դիրքերից` 44-օրյա պատերազմի ավարտից հետո (2020 թվականի դեկտեմբեր), իսկ մեկը` Էդիկ Հովսեփյանը` 2021-ի նոյեմբերի 16-ին` Սյունիքի Իշխանասար և Ծիծեռնաքար լեռնային հատվածում իրավիճակի սրման ժամանակ:

Իշխանասարի մարտերի ժամանակ 32 զինծառայող էր գերեվարվել: Խծաբերդում 62 շիրակցի պայմանագրային էր գերեվարվել։ Նրանց զինակիցները վերադարձել էին Հայաստան, իսկ մի մասը ադրբեջանական բանտերում էին ծանր մեղադրանքներով ու երկարատև կալանքի դատավճիռներով։

Մինչև այժմ Ադրբեջանից 155 գերի է հայրենադարձվել։