Search
Close this search box.

Բաքուն և Մոսկվան Իրանին իրենց «Հյուսիս-Հարավն» են առաջարկում

«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացման հարցով Ադրբեջան-Ռուսաստան-Իրան առաջին եռակողմ հանդիպման արդյունքներով Բաքվում հռչակագիր է ստորագրվել։ Հռչակագրի համաձայն՝ նախատեսվում է համաձայնեցնել Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագիծը և միջանցքում ինտեգրել իրանական Չաբահար նավահանգիստը։

Այս «Հյուսիս-Հարավ»-ը բոլորովին այլ նախագիծ է, որը կապ չունի հայկական «Հյուսիս-Հարավ» նախագծի հետ, որը պետք է Իրանը Հայաստանի և Վրաստանի տարածքով կապի Եվրոպային: Ի դեպ, Հնդկաստանն արդեն հուշագիր է ստորագրել Հայաստանի հետ Չաբահար նավահանգստի օգտագործման վերաբերյալ։

Ելույթ ունենալով Վլադիվոստոկում՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների բացմամբ։ «Ավտոմեքենաները կարող են մտնել և դուրս գալ Հայաստան, Վրաստան և Իրան, մենք դեմ չենք, որ նույնը լինի Ադրբեջանի և Թուրքիայի հետ»,- ընդգծել է Փաշինյանը։

Նա նշել է, որ Հայաստանը չի պատրաստվում որեւէ մեկին իր տարածքով միջանցքներ տրամադրել։ Նրա խոսքով, Ադրբեջանը ցանկանում է, որ տարածաշրջանային հաղորդակցություններն այնպես բացվեն, որպեսզի Հայաստանը մնա շրջափակման մեջ։ «Այսինքն՝ ճանապարհը բաց լինի, մյուսները հնարավորություն կունենան օգտվելու, իսկ Հայաստանը՝ ոչ»,- ասել է Փաշինյանը։

Միջանցքն անհրաժեշտ է ոչ միայն Բաքվին և Անկարային, այլև առաջին հերթին Մոսկվային, որն այդպիսով կարգելափակի տարանցումը Իրանից Վրաստան, ապա՝ Եվրոպա: Իրանի միջուկային գործարքի վերականգնման հեռանկարների ֆոնին հայկական միջանցքի զարգացումը կարող է թույլ տալ Իրանին դառնալ Ռուսաստանի մրցակիցը եվրոպական շուկայում, մասնավորապես՝ գազային շուկայում։ Հյուսիս-հարավը նախատեսում է ոչ միայն ճանապարհներ, այլ նաև խողովակներ և այլ հաղորդակցություններ:

Բաքուն համաձայն չէ միջազգային նորմերի հիման վրա Հայաստանի տարածքից օգտվել որպես տարանցիկ ճանապարհ՝ համարելով, որ կարող է հասնել ռուսական ԱԴԾ հսկողության տակ գտնվող միջանցքների։ Միաժամանակ, Բաքուն և Մոսկվան փորձում են Իրանին շահագրգռել ադրբեջանական միջանցքով՝ խոստանալով արտոնություններ։ Սակայն Իրանը 20 տարի է՝ չի ավարտում Ռեշտ-Աստարա ճանապարհի 8 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը։ Եվ նա դրա համար հիմնավոր պատճառներ ունի։