Search
Close this search box.

Խերսոնի շրջանի վրա հարձակված ուկրաինական ԶՈւ–ի զինվորների մի մասը գերի է ընկել

Ռուսական զորքերին հաջողվել է գերեվարել ուկրաինացի զինվորականներին, որոնք մասնակցել են Խերսոնի շրջանի վրա հակահարձակմանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը։

Ուկրաինայի ԶՈւ–ն հակահարձակման փորձեր է սկսել օգոստոսի վերջին։ Ինչպես նշել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, այնուամենայնիվ այդ գրոհները հետ են մղվում, ուկրաինական զորքերը կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ են կրում։

«Գերիներ կան։ Ես նրանց անձամբ եմ տեսել։ Նրանք դժբախտ մարդիկ են, որոնց Կիևի ռեժիմը խրամատ է քշել, իսկ հետո ուղարկել դեպի ինքնասպանություն»,– ասել է Ստրեմոուսովը։
Նրա խոսքով` ուկրաինական իշխանություններն անտարբեր են զոհերի նկատմամբ. օգոստոսի 29-ից մահացել է ավելի քան 3 հազար մարդ։

Ստրեմոուսովը հավելել է, որ ուկրաինական ԶԼՄ–ներում տարածված հակահարձակումը գործնականում ուտոպիա և ինքնասպանություն է եղել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 197-րդ օրը։