Search
Close this search box.

Ուկրաինան խոշոր հաջողություն է ունեցել Խարկովում

Սեպտեմբերի 8-ին Ուկրաինայի քաղաքական և ռազմական ղեկավարությունները հայտարարեցին երկրի հյուսիս-արևելքում՝ Խարկովի մարզում խոշոր հաջողության մասին։ Ըստ ուկրաինական կողմի՝ հակահարձակման շնորհիվ շուրջ 50 կմ խորությամբ ճեղքում է իրականացվել, իսկ Վլադիմիր Զելենսկին հայտնել է շուրջ 1000 քառակուսի կիլոմետր տարածք ազատագրելու մասին։

Սեպտեմբերի 8-ի երեկոյան ուկրաինական կողմը հայտարարեց Բալակլեա քաղաքի ազատագրման մասին, որը ռուսական զորքը գրավել էր պատերազմի առաջին օրերին։ Օրվա ընթացքում ռուսական կողմը նախ հերքում էր, որ Բալակլեան շրջապատված է, իսկ ավելի ուշ՝ նաև քաղաքի կորստի մասին տեղեկությունները։ Ռուսական Ռիբար տելեգրամյան ալիքը, սակայն, հայտնել է, որ ռուսական զորքը սեպտեմբերի 8-ի երեկոյան նահանջել է Բալակլեայից։ Ուկրաինական բանակը նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ քաղաքում բարձրացվում է Ուկրաինայի դրոշը։

Բալակլեայի կորստով ռուսական զորքի Իզյումի խմբավորումը, որը գրոհում է Սլովյանսկ քաղաքը, կարող է շրջապատման մեջ հայտնվել։ Այս խմբավորումը բաղկացած է շուրջ 10 հազար զինվորականներից, ըստ առկա տեղեկությունների։ Երեկ ռուսական մամուլում տեղեկությունների հայտնվեցին, որ պահեստային զորախմբեր են ուղարկվում Խարկովի մարզ։

Այժմ նշվում է, որ Ուկրաինայի բանակի հիմնական նպատակը Խարկովի մարզում Կուպյանսկ քաղաքն է։