Search
Close this search box.

Ինչ հանգուցալուծում է հասունանում Ուկրաինայում. մեծ առերեսմանն ընդառաջ

Մոսկվայում Ինդոնեզիայի դեսպանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է նոյեմբերին կազմակերպել Պուտին-Զելենսկի հանդիպում G20-ի Վեհաժողովի օրերին, որը տեղի է ունենալու ինդոնեզական Բալի կղզում նոյեմբերին: Ինչպես հայտնի է, ՌԴ նախագահ Պուտինը տվել է այդ Վեհաժողովին իր մասնակցության համաձայնությունը, ինչին արեւմտյան կողմում արձագանքել են այդ դեպքում նաեւ Զելենսկուն հրավիրելու անհրաժեշտությամբ: Պուտինի մասնակցությունն իհարկե առանձին ինտրիգ է, այն առումով, թե ինչպես են իրենց պահելու արեւմտյան երկրների առաջնորդները:

Նրանք կժամանե՞ն Բալի, կամ ժամանելու պարագայում կհրաժարվե՞ն Պուտինի հետ որեւէ շփումից, թե ոչ: Մինչ այդ, մինչ կգա նոյեմբերը, իրավիճակը բավականին թեժանում է ուկրաինական ռազմաճակատում: Մի քանի օր շարունակ Ուկրաինայի զինուժը հրթիռակոծում էր ՌԴ վերահսկողության տակ անցած Խերսոնի շրջանը, նաեւ Ղրիմը, իրականացնում էին դիվերսիոն գործողություններ, հայտարարելով հակագրոհի մասին:

Նախօրեին կտրուկ փոխվել է հարվածի ուղղությունը դեպի Խարկովի շրջան, որտեղ ուկրաինական զինուժն ըստ ռազմական փորձագետների փորձում է կտրել ռուսական ճակատային զինուժի մատակարարման ուղիներն ու շրջափակել Խարկովի շրջանի մեծ քաղաքներից մեկում՝ Բալակլեայում տեղակայված ռուսական կոնտինգենտը: Ուկրաինայի իշխանությունը հայտարարում է այդ ուղղությամբ հաջողությունների, մեծ թվով գերիներ վերցնելու մասին:

Դրա մասին խոսել է նախագահ Զելենսկին: Ռուսական կողմը իր պաշտոնական գնահատականներում զուսպ է, նշելով, թե Խերսոնի, Զապորոժիեյի ուղղությամբ հակագրոհի տապալումից հետո Ուկրաինան փոխել է ուղղությունը դեպի Խարկովի շրջան: ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը դրան զուգահեռ գրառում է արել, որ ուկրաինական ճակատում իրավիճակը հասնում է կիզակետի, քանի որ առջեւում ձմեռ է, ինչը շատ բարդ շրջան կլինի Ուկրաինայի համար: Ռուսական զգալի կորուստների եւ բարդ իրավիճակի մասին խոսում են ոչ պաշտոնական տելեգրամյան ալիքները, որոնք սակայն կապ ունեն ռուսական ուժային շրջանակների հետ:

Միաժամանակ, շրջանի ղեկավարը հայտարարել է, թե ուկրաինական զորքերը փորձել են օղակել քաղաքը, սակայն չեն կարողացել եւ հետ են մղվել: Ի՞նչ է կատարվում ուկրաինական ճակատում, միարժեք գնահատելը իրապես բարդ է, որովհետեւ հատվածային դիտարկումները բավարար չեն ամբողջական գորրծընթացի տրամաբանությունը ճշգրիտ գնահատելու համար: Բայց զգալի է, որ ուկրաինական ճակատում հասունանում է որոշակի հանգուցալուծում, ինչը՝ կամ բերում է ռազմական գործողությունների թեժացման, կամ հասունանում է հենց ռազմական գործողությունները թեժացնելու միջոցով: Բլումբերգ գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրել իր գերճշգրիտ հրթիռատեսակներից` Excalibur-ներ, որոնք աշխատում են GPS ուղղորդմամբ: Դրան զուգահեռ, Ֆրանսիայում թերեւս ոչ առանց Ելիսեյան պալատի իմացության հրապարակվում է տեսանյութ Մակրոնի եւ Զելենսկու հեռախոսազրույցի մասին, որ տեղի է ունեցել փետրվարի 24-ի առավոտյան:

Զելենսկին հայտնում է, որ ՌԴ սկսել է լայնամասշտաբ պատերազմ եւ որ արեւմտյան առաջնորդները պետք է հակապատերազմական կոալիցիա կազմեն եւ դիմեն նաեւ Պուտինին, կանգնելու համար: Զելենսկին Մակրոնին ասում է, որ Պուտինը կլսի նրանց եւ կկանգնի: Ինչու՞ է Ֆրանսիան այժմ որոշել հրապարակել պատերազմի առաջին ժամերի այդ զանգի եւ խոսակցության տեսագրությունն ու փաստացի ձայնագրությունը, անկասկած երկրորդական հարց չէ: Արդյո՞ք ցույց տալու համար, թե ում է առաջինը զանգահարել Զելենսկին: Եվ արդյո՞ք կա էլի բովանդակություն, որի վերաբերյալ ինչ որ բան է ակնարկում Փարիզը: Եվ ու՞մ է ակնարկում: Դրան զուգահեռ, Սպիտակ տան խոսնակը հայտարարում է, որ ԱՄՆ Ռուսաստանը չի համարի ահաբեկության հովանավոր երկիր:

Ըստ խոսնակի, դա անցանկալի հետեւանք կունենա Ուկրաինայի համար, բարդացնելով իրավիճակը: Հետաքրքիր ձեւակերպում է, որ թողնում է «խաղի կանոններ չխախտելու» տպավորություն, այն իմաստով, որ Վաշինգտոնը չի ուզում լինել առաջին խախտողը, այդ կերպ նաեւ ճանապարհ բացելով Ռուսաստանի համար: Իսկ արդյո՞ք կա մեծ ջանք մինչեւ նոյեմբեր Ռուսաստանին «խաղի կանոնները» խախտելու մղելու ուղղությամբ: Նոյեմբերին G20-ի Վեհաժողովը ըստ երեւույթին կարող է վերածվել համաշխարհային հիբրիդային պատերազմի բոլոր մասնակիցների մեծ առերեսման:
1in.am