Search
Close this search box.

Բոլոր թոշակներն ու նպաստները կավելանան 3000 դրամով

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ`գործադիրը` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով որոշ փոփոխություններ է կատարել 2022 թվականի օգոստոսի 24-ին ընդունած որոշման մեջ, որով արդեն իսկ նախատեսվում էր ս.թ. սեպտեմբերի 1-ից բարձրացնել բոլոր բազային թոշակներն ու նպաստները։

Բանն այն է, որ նախորդ որոշմամբ բարձրացման չափերը տարբերակված էին, ինչը բողոքի առիթ էր դարձել սոցիալապես խոցելի խավի մոտ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ սոցապնախարարին հանձնարարել էր հավասարության սկզբունքով լուծել հարցը։

Արդյունքում նոր ընդունված որոշմամբ, սոցիալական բոլոր վճարումները կբարձրացվեն հավասար չափով` 3000 դրամով։

Հիշեցնենք` կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից հիմանական կենսաթոշակի չափը սահմանվել էր 21 000 դրամ՝ 18 000 դրամի փոխարեն (ավելացել էր 3000 դրամով), իսկ նվազագույն կենսաթոշակի չափը 28 600 դրամի փոխարեն սահմանվել էր 30 500 դրամ (ավելացել էր 1900 դրամով), պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների չափերը ավելացել էր 2000 դրամով։ Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը նույնպես ավելացել են 1900 դրամով (28 600 դրամի փոխարեն սահմանվել է 30 500 դրամ)։

Կառավարության այսօր ընդունած որոշմամբ` սեպտեմբերի 1-ից նվազագույն կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը սահմանել են 31 600 դրամ, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի 1-ին խմբի հաշմանդամության կենսաթոշակի չափը՝ 46 000 դրամ, 2-րդ խմբի հաշմանդամության կենսաթոշակի չափը՝ 36000 դրամ, 3-րդ խմբի հաշմանդամության, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների չափերը՝ 33 000 դրամ։