Search
Close this search box.

Փաստացի, Պուտինն ազդարարել է, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 15-ին կլինի Ուզբեկստանում

«Մենք աշխատում ենք մեր կազմակերպոություններում, թե տնտեսական կազմակերպությունում, թե ՀԱՊԿ-ում, նկատի ունեմ անվտանգության և կայունության ապահովումը: Առաջիկա ժամանակ Դուք ծրագրում եք լինել նաև ՇԳԿ (Շանհայի գործակցության կազմակերպություն) գծով միջոցառումներին Ուզբեկստանում, որտեղ կլինի դարձյալ հանդիպելու, բոլոր գործընկերների հետ խոսելու հնարավորություն»: Այդ հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Պուտինը, Վլադիվոստոկի տնտեսական ֆորումի շրջանակում Հայաստանի վարչապետի հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում:

Փաստացի, Պուտինն ազդարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի սեպտեմբերի 15-16-ին Ուզբեկստանի Սամարղանդում տեղի ունենալիք ՇԳԿ Վեհաժողովին: Սամարղանդի Վեհաժողովը ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ այն տեղի է ունենում ուկրաինական պատերազմի, այդ համատեքստում վերափոխվող համաշխարհային իրողությունների պայմաններում: Վեհաժողովի առանձնահատկության մասին է վկայում դիցուք այն, որ ՌԴ նախագահը դրան մասնակցելու հրավեր է հղել Թուրքիայի նախագահ Էրդողանին:

Թուրքիան, ինչպես ի դեպ նաև Հայաստանն ու Ադրբեջանը, ՇԿԳ հետ «երկխոսության գործընկերոջ» կարգավիճակ ունի: Մեծ հավանականությամբ ուզբեկական Վեհաժողովին կմասնակցի նաև Ադրբեջանի նախագահ Ալիևը: Արդյո՞ք Պուտինը նկատի ունի Սամարղաբդում տեղի ունենալիք միջոցառումների շրջանակում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպումը՝ իր մասնակցությամբ, երբ խոսում է անվտանգության ու կայունության մասին և այդ համատեքստում հիշատակելով ՇԳԿ սպասվող հավաքը՝ արձանագրում հանդիպելու և «գործընկերների հետ խոսելու» հնարավորությունը:

Ի դեպ, հարկ է նկատել, որ Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերի 7-ի հանդիպումից առաջ՝ սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահը հեռախոսազրույց էր ունեցել թե Թուրքիայի նախագահ Էրդողանի և թե Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Իսկ արդյո՞ք Պուտինի ծրագրերում կա ընդհուպ Էրդողան-Փաշինյան շփում կազմակերպելու հարցը: Համենայն դեպս հատկանշական է նաև, որ Արևելյան տնտեսական ֆորումի ընթացքում իր ելույթում Հայաստանի վարչապետ Փաշինյանը խոսել է այն մասին, որ Երևանը հույս ունի Ռուսաստանի օգնությամբ հասնել հայ-թուրքական կարգավորման: Հուլիսի 11-ին տեղի էր ունեցել Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույց, որից անմիջապես հետո՝ նույն օրը Թուրքիայի նախագահը խոսել էր ՌԴ նախագահի հետ:
1in.am