Search
Close this search box.

Ոստիկանությունը պարզել է Իջևանում մոտ 1 շաբաթ տարածվող հրդեհի պատճառը․ ո՞վ է հեղինակը

ՀՀ ոստիկանությունը պարզել է, թե ինչպես է Իջևան քաղաքի «Գինու գործարանի» հարակից տարածքում խոտածածկ տարածքում հրդեհ բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նշենք, որ խոտածածկույթը սկսել էր այրվել դեռ օգոստոսի 31-ից։ Ահազանգը ստացվել էր նույն օրը ժամը 13։30-ին։

«Իջևանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 5-ին պարզվել է, որ օգոստոսի 31-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևանյան փողոցի 73-ամյա բնակիչը տան հետնամասում վառել է փայտածուխի պատրաստման տարայի մեջ եղած փայտը, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել, որը տարածվել է դեպի հարակից անտառ: 73-ամյա տղամարդը փորձել է հանգցնել բռնկված կրակը, սակայն չի կարողացել, ինչից հետո զանգել է 911 ծառայություն»,– ասված է հաղորդագրությունում:

Այրվել է մոտ 12 հեկտար տարածք։

Կազմված փատաթղթերն ուղարկվել են Տավուշի մարզային քննչական վարչություն:

ՀՀ ԱԻՆ–ն այսօր հայտնել էր, որ արդեն մեկ շաբաթ մոլեգնող հրդեհի 4 ուղղությունից 3-ը մարվել է, 4-րդ ուղղությամբ կա 3 ծխացող օջախ։