Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ն` Հայաստանի զինվորականների մասնակցության մասին

Ավելի քան 2 հազար օտարերկրյա զինծառայող է ներգրավված «Վոստոկ-2022» ռազմավարական զորավարժությունների կոալիցիոն զորախմբում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՀՀ զինծառայողներից բացի զորավարժություններին մասնակցում են նաև Ադրբեջանի, Ալժիրի, Հնդկաստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Մոնղալիայի, Տաջիկստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները։

ՊՆ–ից նշել են, որ զորավարժություններին լրացուցիչ ներգրավված են Ղազախստանի, Լաոսի, Մյանմայի, Նիկարագուայի և Սիրիայի պաշտպանական գերատեսչությունների օպերատիվ խմբերը։

«Վոստոկ-2022» ռազմավարական զորավարժությունների հիմնական փուլն անցկացվում է Պրիմորսկի երկրամասի Սերգեևսկի զորավարժարանում, որը թույլ է տալիս անցկացնել միջտեսակային և համատեղ զորավարժություններ զենքի բոլոր տեսակների, այդ թվում մինչև 500 կգ տրամաչափի ռումբերի և «Իսկանդեր–Մ»–ի օպերատիվ–մարտավարական հրթիռների կիրառմամբ։

«Վոստոկ-2022»–ը անցկացվում է սեպտեմբերի 1-7-ը ՌԴ ԶՈւ ԳՇ պետի ղեկավարությամբ 7 զորավարժարաններում` «Բուրդունի», «Գորյաչիե Կլյուչի», «Կնյազե–Վոլկոնսկի», «Լուգանսկոյե», «Սերգեևսկի», «Տելեմբա», «Ուսպենովսկի», ինչպես նաև Օխոտի և Ճապոնական ծովերի ջրային տարածքներում և ափամերձ գոտիներում։

Զորավարժություններին ընդհանուր առմամբ ներգրավված են 50 000 զինվորական, ավելի քան 5000 միավոր սպառազինություն և զինտեխնիկա, այդ թվում 140 անօդաչու, 60 մարտական նավ, զբոսանավ և տեխնիկական նավ։