Search
Close this search box.

Արաքս գետի հունի փոփոխությունը կարող է նաև սահմանային խնդիրներ առաջացնել

Արաքս գետի ջրերը բնական հուն վերադարձնելու և գետի հունն ամրացնելու աշխատանքներն այս պահին դեռ նախագծահաշվարկային փուլում են։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունից` ի պատասխան գրավոր հարցման։

Դատելով կայքում հրապարակված պայմանագրից` Արաքսի հունի վերականգնման աշխատանքները դեռ շուտ չեն մեկնարկի, քանի որ նախագծերի կազմման ու ծախսերի հաշվարկման համար պայմանագրով սահմանված վերջնաժամկետն այս տարվա դեկտեմբերի 15-ն է։ Սա նշանակում է, որ բուն շինարարական, հողային աշխատանքները, ենթադրաբար, կսկսվեն արդեն հաջորդ տարի, լավագույն դեպքում` գարնանային հեղեղումների սեզոնի ավարտից հետո։

Նախագիծը մշակած ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նշում է, որ Արաքսի հովտում գործող ավազահանքի շահագործման հետևանքով Արաքս գետը Արարատի մարզի Արաքսավան և Բուրաստան համայնքների տարածքում փոխել է իր նախկին հունը և այժմ հոսում է Հրազդան գետի հունով:
Որոշման մեջ նաև հիշեցվում է, որ հայ-թուրքական սահմանի դեմարկացիոն գիծն անցնում է Արաքսի կենտրոնով, ուստի նախարարությունում չեն թաքցնում, որ գետի հունի փոփոխությունը կարող է նաև սահմանային խնդիրներ առաջացնել։
Պաշտոնական տվյալներով՝ Արաքսի նախկին ու ներկայիս հուների միջև 400 հա մակերեսով տարածք է առաջացել։

Բացի այդ, Հրազդանի հունով Արաքսի ջրերի հոսելու հետևանքով Հրազդանի ձախ ափը վտանգավոր է դարձել, հեղեղների ժամանակ այստեղ տեղի են ունենում փլուզումներ, որոնց հետևանքով կարող են ողողվել անգամ սահմանային կառույցները։

Հենց այս բոլոր խնդիրներից խուսափելու համար կառավարությունը որոշել է վերականգնել Արաքս գետի նախկին հունը` վերանորոգելով մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ փլուզված հողապատնեշը։ Արաքսի բնապահպանական ու դրա հետևանքով հնարավոր քաղաքական խնդիրը նոր չէ։ Այն, ըստ ՇՄ նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի, 10-15 տարվա վաղեմություն ունի, պարզապես այդ մասին նախկինում չի խոսվել։
Գայանե Գաբրիելյանը հաստատեց նաև` խնդրի առաջացման պատճառը տասնամյակներ շարունակ Արաքսի հովտում անվերահսկելիորեն շահագործված ավազահանքերն են։ Գետի ափերից հանված ավազի ու առաջացած փոխվածքների հետևանքով ջուրը դուրս է եկել հունից, ու գետի հունը փոխվել է։

Ինչ վերաբերում է բնապահպանական խնդիրներին, Գայանե Գաբրիելյանի դիտարկմամբ, Արաքսի հովտի մեր հարևանների հետ համագործակցությունը հիմնականում հաջողվում է Իրանի հետ։

Հարցին, թե արդյոք Արաքսի շուրջ առաջացած խնդիրն ու հունի վերականգնման հարցը քննարկվե՞լ են Իրանի ու Թուրքիայի հետ, ո՛չ շրջակա միջավայրի, ո՛չ էլ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություններից չպատասխանեցին` ասելով, որ խնդիրը դուրս է իրենց լիազորությունների շրջանակից։

Դրա փոխարեն հաջողվեց պարզել, որ առնվազն 2020-22թթ-ին Արաքսի ավազանում` Արարատի ու Արմավիրի մարզերում, առնվազն 34 ավազահանք է գործել, որոնցից 13-ը` օրինական, 21-ը` ապօրինի։

Մանրամասնեը՝ սկզբնաղբյուր կայքում: