Search
Close this search box.

ԱԹՍ-ների արտադրության ոլորտում Իրանն առաջ է անցել Թուրքիայից. Հայաստանը կարո՞ղ է դրանք ձեռք բերել. իրանագետ

Իրանի Իսլամական Հանրապետությունը անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում այնպիսի հաջողությունների է հասել, որը նրան առանձին, լայնամասշտաբ զորավարժություններ իրականացնելու հնարավորություն է տալիս։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Ահարոն Վարդանյանը՝ նշելով, որ զորավարժությունները տեղի են ունենում հիմնականում երկրի հյուսիսային, հյուսիսարևմտյան և կենտրոնական հատվածում, իսկ հյուսիսային և հյուսիաարևմտյան հատվածում տեղի ունեցող բոլոր զորավարժությունները ուղղված են Ադրբեջանական Հանրապետության և Թուրքիայի դեմ։

Այս առումով Ադրբեջանական Հանրապետության կողմից անհանգստությունը բնական է, քանի որ տարիուկես առաջ տեսանք թե ինչպիսի մեծ զորավարժություններ տեղի ունեցան Ադրբեջանի հետ սահմանին, և բանը հասել էր նրան, որ շատերը մոտալուտ պատերազմի վերաբերյալ կանխատեսումներ էին անում։

Նրա խոսքով՝ մինչև վերջերս ԱԹՍ-ների արտադրության ոլորտում հայտնի էր միայն Թուրքիան, սակայն ժամանակը և փորձը ցույց տվեցին, որ թուրքական բայրաքթարները չափազանց գովազդված են և լավագույններից չեն։ Ուստի ԱԹՍ-ների արտադրության ոլորտում Իրանը առաջ է անցել Թուրքիայից և բանը հասել է նրան, որ Ռուսաստանը ցանկանում է ԱԹՍ-ներ գնել Իրանից։ Այս պարագայում՝ Ադրբեջանի մտահոգությունը նշանակում է նաև Թուրքիայի մտահոգություն։

Անդրադառնալով ԱԹՍ-ներ ձեռք բերելու Հայաստանի հնարավորություններին՝ բանախոսը նշել է. «Հայաստանը ևս կարող է իրանական ԱԹՍ-ներ գնել։ Սակայն ցավալի է, որ հայ-իրանական բարեկամության ողջ պոտենցիալը երբևէ չի գործածվել իր ողջ ներուժով»։

Բանախոսի դիտարկմամբ՝ Հայաստանը կարող է ահաբեկչության դեմ պայքարում Հայաստան-Իրան-Ռուսաստան առանցքի ստեղծման նախաձեռնությամբ հանդես գալ՝ հաշվի առնելով, որ Կովկասը զիջելով՝ Իրանը և Ռուսաստանը կարող են հայտնվել պանթյուրքիզմի ճիրանում և ահաբեկչության թիրախում։ Ուստի այստեղ մեր շահերը համընկնում են։