Search
Close this search box.

ԱՄՆ-ում դրոն է մշակվել վարակված միջատներ տարածելու համար․ ՌԴ ՊՆ

ԱՄՆ-ում արտոնագրվել են վարակված միջատների համար նախատեսված կոնտեյներով անօդաչու սարքի հիմքով կենսաբանական զենքի մատակարարման և կիրառման տեխնիկական միջոցներ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը:

Նրա խոսքով` առկա է թիվ 8 967 029 փաստաթուղթը՝ օդում վարակված միջատների տարածման համար նախատեսված անօդաչու թռչող սարքի համար, որը տրվել է ԱՄՆ արտոնագրերի և ապրանքային նշանների գործակալության կողմից: Արտոնագրի նկարագրության մեջ ասվում է, որ տվյալ սարքը կօգնի ոչնչացնել կամ շարքից հանել հակառակորդի զորքերը՝ առանց ԱՄՆ զինծառայողների համար ռիսկի:
«Ինչպես գիտեք, ամերիկյան օրենսդրության համաձայն` ԱՄՆ-ում արտոնագիրը չի կարող տրվել իրականում գոյություն ունեցող սարքի բացակայության դեպքում։ Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ կոնտեյները՝ որպես կենսաբանական ագենտների առաքման միջոց, մշակվել և արտադրվել է»,- հայտարարել է նա։

Բացի այդ, ըստ Կիրիլովի, Ռուսաստանի ՊՆ-ն ապացույցներ ունի, որ Վաշինգտոնը 2005 թվականին Ուկրաինա է տեղափոխել այն պատվաստանյութերի փորձարկումները, որոնք բազմաթիվ բարդություններ են առաջացնում փորձարկման ենթարկվողների մոտ։
«Պետք է առանձնակի ուշադրություն հրավիրել ևս մեկ փաստաթղթի վրա, որը մեր տրամադրության տակ է և վերաբերում է 2004 թվականին Միացյալ Նահանգների զինծառայողների վրա տուլյարեմիայի դեմ պատվաստանյութի փորձարկմանը, որը մշակել է ԱՄՆ-ի ցամաքային զորքերի Ուոլթեր Ռիդի անվան ինֆեկցիոն հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտը»,- ասել է նա:

Կիրիլովի խոսքով՝ փորձարկումների ընթացքում, որին մասնակցել է 1064 մարդ, գրանցվել է բարդությունների 468 դեպք։ Դա շատ առումներով բացատրում է նման բարձր ռիսկային հետազոտությունները ազգային տարածքի սահմաններից դուրս տեղափոխելու փաստը։
Այդ մասին է վկայում 2005 թվականի օգոստոսի 29-ին (հետազոտություններից մեկ տարի անց) Ուկրաինայի առողջապահության նախարարության և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության միջև ստորագրված համաձայնագիրը։