Search
Close this search box.

Ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանից ավելի քան 20 մլն դոլարի ոսկի կամ ոսկու փոշի արտահանել Թուրքիա

Այս տարվա հունիսին Հայաստանից խոշոր արտահանում է եղել դեպի Թուրքիա։ Այն էլ մեկ ապրանքի գծով. արտահանվել է ավելի քան 20 մլն դոլարի ոսկի կամ ոսկու փոշի։

Թե ո՞վ է իրականացրել այդ արտահանումը, և ինչպե՞ս է դա հաջողվել տարիներ շարունակ թուրքական իշխանությունների ցուցաբերած անբարյացակամ վերաբերմունքից հետո, մնում է միայն գուշակել։

Փաստն այն է, որ նախկինում երբևէ նման մեծ արտահանում չէր իրականացվել Հայաստանից Թուրքիա։ Ոչ թե այն պատճառով, որ չի եղել այդպիսի հնարավորություն, այլ, որովհետև թուրքական իշխանություններ թույլ չեն տվել։ Ու հիմա հանկարծ որոշել են այսպիսի «բարեկամական» ժեստ անել։

Հայտնի է, որ Հայաստանն ու Թուրքիան պաշտոնական հարաբերություններ չունեն իրար հետ։ Բայց առանց այդ հարաբերությունների էլ առևտրային կապերը գործել են, թեև հիմնականում մեկ ուղղությամբ՝ Թուրքիայից Հայաստան իրականացվող ներմուծումների ձևով։ Տարեկան դրանք կազմել են ընդհուպ 280 մլն դոլար։ Արտահանումը 2-3 միլիոնից չի անցել։ Ու հանկարծ այս տարի միանգամից 20 մլն դոլարանոց արտահանում է տեղի ունենում։ 10 անգամ ավելի շատ, քան նախորդ տարիների ամբողջ տարվա արտահանումները։

Ուզենք թե չուզենք, պիտի ընդունենք, որ նման բան հենց այնպես չի լինում։ Թե ի՞նչ կա թաքնված սրա տակ, առաջիկայում հավանաբար պարզ կլինի։

Հայտնի չէ նաև՝ այն առաջիկայում շարունակություն կունենա՞, թե՞ կավարտվի այդ մեկ գործարքով։

Պաշտոնական տվյալների համաձայն, տարվա առաջին կեսին արտահանումը Հայաստանից Թուրքիա կազմել է 20,5 մլն դոլար։ Արտահանման հիմնական մասը տեղի է ունեցել կիսամյակի վերջին ամսում։

Մինչ այդ արտահանումները Հայաստանից դեպի Թուրքիա գրեթե զրոյական են եղել։ Հունվարին այն կազմել է 9 հազար, փետրվարին՝ 9,3 հազար, մարտին՝ 28,3 հազար, ապրիլին՝ 155,1 հազար, մայիսին՝ 117 հազար դոլար։

Այդ 5 ամիսներին Թուրքիա է արտահանվել ընդհանուր առմամբ ընդամենը 318,7 հազար դոլարի տարբեր տեսակի ապրանք։ Արտահանված ապրանքների տեսականին շատ սահմանափակ է։ Խոսքն ընդամենը մեկ ու կես տասնյակի մասին է, որոնց մի մասի արտահանումն այնքան փոքր է, որ դժվար է նույնիսկ արտահանում համարել։

Թուրքիա արտահանումը կտրուկ ավելացել է հունիսին՝ միանգամից 20 մլն 189 հազար դոլարի չափով։ Դրանից 20 մլն 167 հազարը եղել է ոսկի կամ ոսկու փոշի։

Հայաստանից Թուրքիա է արտահանվել 353,1 կիլոգրամ ոսկի կամ ոսկու փոշի։ Դատելով հայտարարագրված թվերից՝ 1 գրամի մաքսային արժեքը կազմել է 5,7 դոլար։

Այս գործարքից հետո էլ արտահանումը Թուրքիա նման կտրուկ աճ է ունեցել։

Թե ինչպե՞ս է, որ հիմա Թուրքիան այդքան առատաձեռն է գտնվել Հայաստանի նկատմամբ, պետք է փնտրել այն քաղաքականության տակ, որն իրականացնում են այսօրվա իշխանությունները՝ խաղաղության իրենց օրակարգի շրջանակներում։ Այս գործարքն էլ հավանաբար այդ օրակարգի մի մասն է, որով նպատակ ունեն առաջ մղել այն կեղծ պնդումները, թե Թուրքիայի հետ սահմանների բացումն ու առևտրային հարաբերությունների հաստատումը բխում է մեր տնտեսության շահերից։

Չկա նման բան, ու Հայաստանը չի կարող տնտեսական հարաբերություններում առավելություններ ստանալ Թուրքիայի նկատմամբ։ Գուցե առանձին ապրանքների մասով թուրքական շուկայի համար հետաքրքիր լինի հայկական տեսականին, բայց այդ տեսականին շատ սահմանափակ է ու ոչ մեծ ծավալով։ Մի բան, ինչը չի կարելի ասել թուրքական ապրանքների մասով։

Էմբարգոն հանելուց հետո թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան անգամներով ավելացել է։ Այն գրեթե ամբողջությամբ վերականգնվել է նախկին մակարդակներին։

Պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին կեսին թուրքական ներմուծումները Հայաստան կազմել են ավելի քան 98 մլն դոլար։

Սա ավելին է նախորդ ամբողջ տարվա ներմուծումներից, որոնք կազմել էին 73 մլն դոլար։

Իհարկե, արգելանքի ժամանակ այլ երկրների անվան տակ որոշակի քանակությամբ թուրքական ապրանքներ ևս մտնում էին հայկական շուկա, բայց դրանով հանդերձ, ծավալները զգալիորեն պակասել էին՝ հնարավորություն տալով հայկական որոշ արտադրողների ամրապնդել իրենց դիրքերը ներքին շուկայում։ Էմբարգոյի վերացումից հետո, ինչպես ցույց են տալիս ներմուծման ցուցանիշները, թուրքական ապրանքները կրկին մեծ թափով գրոհել են հայկական շուկա, այդ թվում՝ տեղական արտադրողների վրա։

Տեղական արտադրողները կրկին խնդիրների առաջ են՝ թուրքական ապրանքների ներմուծման ծավալների ավելացման հետևանքով։ Համեմատաբար էժան թուրքական ապրանքները շուկայից դուրս են թողնում տեղական արտադրողներին։

Նախորդ տարվա համեմատ տարեսկզբի վեց ամիսներին ներմուծումները Թուրքիայից 3,5 անգամով ավելացել են։

Ինչպես նախկինում, այնպես էլ այս տարի տարի Հայաստանը Թուրքիայից ներկրել է տարբեր տեսակի կենցաղային ու տնտեսական ապրանքներ, նաև գյուղմթերք։

Վեց ամսում գրեթե 3,5 մլն դոլարի ցիտրուսային պտուղներ են բերվել։

Բերվել է նաև բավական մեծ քանակությամբ թուրքական լոլիկ, որի դեմ ժամանակին այդքան համառորեն պայքարում էին ջերմոցային տնտեսությունները։ Վեց ամսում՝ 372 տոննա։ Գումարային գրեթե 460 հազար դոլարի չափով։

Բերվել է նաև սոխ, սխտոր, կաղամբ, վարունգ և այլ գյուղատնտեսական մթերք։

Թուրքական ներմուծումների մեջ մեծ կշիռ ունեն մանածագործական իրերն ու տրիկոտաժը, հագուստն ու կոշկեղենը, կենցաղային էլեկտրատեխնիկան ու սարքավորումները, լվացող-մաքող միջոցները և այլն։

Սա ապրանքների ու ապրանքատեսակների այն շատ սահմանափակ ցանկն է, որը մտնում է թուրքական ապրանքների ներմուծումների մեջ։ Դրանք հարյուրավոր անուն ապրանքներ են, որոնց մի մասը զգալի կշիռ ունեն հայկական շուկայում։

Ի վերջո, խոսքը տարեկան 250-280 մլն դոլարի հասնող ներմուծումների մասին է, որոնք առաջիկայում էլ ավելի կընդլայնվեն՝ հայ-թուրքական մերձեցումների ու սահմանների սպասվող բացման պարագայում։

168.am