Search
Close this search box.

Ռուսաստանը «կվերադառնա՞» Ուկրաինայից Կովկաս․ Բանը բանից անցել է

Ուկրաինայում «հատուկ գործողությունն» ավարտելուց հետո Ռուսաստանը լրջորեն կզբաղվի Հարավային Կովկասով, ասում են ռուս եւ հայ փորձագետները։ Ընդ որում, նկատի է առնվում Ուկրաինայում Ռուսաստանի համար բարեհաջող ելքը։ Այս համատեքստում, նշվում է, որ Ռուսաստանին ձեռնտու է հայերի մնալն Արցախում եւ Արցախի խնդրի առկախումը, ինչը Ռուսաստանի զորակազմի ներկայության երաշխիքն է։ Եթե հայերը չլինեն՝ «խաղաղապահների» իմաստն էլ չի մնա։ Ավելին, եթե Արցախը անցնի Բաքվին, Ռուսաստանը դուրս կմղվի Կովկասից, իսկ հայերի առկայությունն էլ Արցախում լիովին կախված է «խաղաղապահների» ներկայությունից։

Երեւում է՝ գտնվել է Հայաստանի դեմ Արցախում 2020-ի ռուս-թուրքական ռազմական արշավի հետեւանքներից մեկի բանաձեւումը, բնականաբար պատճառները լռության մատնելով։ Սակայն, եթե նայենք նույնիսկ այդ տրամաբանությամբ, ապա հարց է առաջանում՝ մինչ 2020-նն էլ վիճակն առկախված էր, Ռուսաստանն էլ գերակայում էր հայերի մտքում, հոգում, տնտեսության ու անվտանգության ոլորտներում, ինչ կարիք կար նախաձեռնել այդ արշավը, հայտարարել, որ Արցախի հարցը լուծված է, որ դա Ադրբեջանի տարածք է եւ այլն։ Մանավանդ որ, 2020-ին Ուկրաինա չկար։

Մյուս կողմից, լավ է, որ հայկական գործոնի դերը սկսում է կամա-ակամա գիտակցվել։ Այս պարագային, հայերն օրինակ կարո՞ղ են սպառնալ զանգվածային ելքով, եթե ռուսները չվերադարձնեն Հին-Թաղեր-Խծաբերդը, Փառուխն ու Բերձորի շրջանի բնակավայրերը։ Չէ՞ որ դա հակասում է եռակողմ հայտարարությանը։ Հնարավո՞ր է՝ հայերին «խաղաղապահներից» լիակատար կախման մեջ գցելը հնարավոր էր միայն հայկական բանակի զինաթափման պահանջ-վերջնագրով, որ հայկական կողմին «փոխանցել» էր ռուս հրամանատարությունը։ Դա ձեռնտո՞ւ էր ռուսներին, թե՞ նրանց թիկունքում, ինչպես ասում են արցախցի դեպուտատները, Ալիեւն ու Փաշինյանը դավեր են նյութում։ Եթե իսկապես նյութում են, այդ դեպքում ի՞նչ է իրենից ներկայացնում Ռուսաստանը։

Բազմիցս նշել ենք, թե ինչպես եւ ինչ նպատակներով է Արցախ մտցվել ռուսական զորակազմը, ընդ որում՝ ՌԴ առաջին դեմքերին ու Կրեմլի մշակումներին մասնակից շրջանակներին հղումներով։

Դառնանք Ուկրաինայից Ռուսաստանի «վերադարձին»։ Չմոռանանք, որ 2020-ին Ռուսաստանը «հաղթանակած» վիճակում էր, երբ սկսեց Հայաստանի դեմ արշավը՝ որպես «քաղաքական նոր կուրսի» գործնական մեկնարկ, եւ այդ հաջողությամբ ոգեշնչված՝ ներխուժեց Ուկրաինա։ Ինչպես էլ Ռուսաստանը «վերադառնա Ուկրաինայից»՝ դա չի փոխելու Հայաստանի դեմ իրագործվող պլանները։ Ռուսաստանը Արցախի օրինակով նույնն անելու է Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում, Երասխ-Երեւան գծով՝ դեռ տարածքներ կան «Կովկասից դուրս մնալու»։ Դրա երաշխիքը հայ հանրությունն է իր ռուսահպատակ իշխանությամբ, ընդդիմությամբ ու անհուն օտարասիրությամբ, այդպիսով մնալով կրկնակի թիրախ ու զոհաբերության հարմար նյութ։

Խնդիրն այլ տեղ է՝ ինչպես խափանել այդ պլանները, որի հնարավորությունները կան, առավել եւս՝ ոչ մի տեղ չի կորել հայկական գործոնի եւ հայկական իրավունքների հաստ փաթեթը։ Այս կամ այն իրադարձությունների կամ դրանց ելքի սպասումները ժամանակի կորուստ են։

Lragir.am