Search
Close this search box.

Ռուս խաղաղապահներն ասացին՝ կամրջի տակով իրենց ճանապարհն է լինելու, վրայով մենք ենք անցնելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերը գրում է. Օգոստոսի 31-ին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ «Լաչինի միջանցքը», փակվեց, եւ հայկական երկու հանրապետությունների համար սկսեց գործել նոր՝ այլընտրանքային ճանապարհը։ Մենք՝ Արցախի անկախության օրվան ընդառաջ Ստեփանակերտ այցելողներս, կարելի է ասել՝ գրեթե առաջին ուղեւորներից էինք, որ «փորձարկեցինք» նոր ճանապարհը ընդամենը երկու օր անց։ Այն սկսվում է Կոռնիձորն անցնելուց անմիջապես հետո՝ Աղավնո չհասած։

Աղավնոն այլեւս մերը չէ, գյուղ տանող ճանապարհին ռուս խաղաղապահներն են կանգնած, ովքեր փակել են Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին հանձնված հերթական բնակավայրի մուտքը հայերի համար։ Աղավնոյից հետո արդեն Բերձորն է։ Ճանապարհի բարձր հատվածից երեւում են Աղավնոյի կարմիր կտուրներով տները, իսկ մյուս կողմում արդեն նորակառույց այլընտրանքային ճանապարհն է։ 

Առաջին անցակետում մեզ դիմավորած ռուս խաղաղապահը, ասես աչքալուսանք տալով, հայտնեց՝ Լաչինն արդեն փակ է, ձեզ համար հիմա նոր ճանապարհ են կառուցել։ Բայց չասաց՝ ովքեր են կառուցել, ով է այդ լավությունն արել մեզ՝ հայերիս։ Մի քիչ առաջանալով՝ արդեն հայտնվեցինք նոր ճանապարհի վրա, որի մի մասը, ասացին՝ հայկական կողմն է կառուցել, իսկ մյուս՝ ավելի մեծ մասը կառուցել է Ալիեւը։ Մի քանի կիլոմետր անցնելուց հետո կանգնեցինք հերթական անցակետի մոտ։ Ռուս խաղաղապահները փակել էին ճանապարհը, ասացին՝ վերեւով ադրբեջանական ավտոշարասյուն է անցնում, մի 15 րոպե կտեւի՝ ստիպված ենք սպասել։ Անցակետի հենց կողքը նոր կառուցված կամուրջն էր, որի տակ ադրբեջանցիները շինարարություն էին անում։ Ռուս խաղաղապահներն ասացին՝ կամրջի տակով իրենց ճանապարհն է լինելու, վրայով մենք ենք անցնելու, բայց դա ժամանակավոր է լինելու։ Հետո ձեռքը պարզեց դեպի Գորիս՝ ցույց տալով սարերի միջով ձգվող մի ճանապարհ, եւ ասաց, որ շուտով այդ ճանապարհով ենք մենք գնալու Արցախ, սա ժամանակավոր է: Խոսքն այն ճանապարհի մասին է, որի կառուցումը մոտ 10 ամիս կտեւի եւ կդառնա հիմնական` Լաչինի ճանապարհին այլընտրանքային ուղին:
Ադրբեջանական շարասյունն անցավ, թեպետ մենք չտեսանք այն, եւ մեզ բաց թողեցին։

Շարժվեցինք առաջ եւ սկսեցինք սրտի կսկիծով հիանալ ադրբեջանցիների սարքած հոյակապ ճանապարհի որակով։ Առաջին ուղեւորները, ի դեպ, եղել են Արցախի ղեկավարները՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Մեր «բարեկամ» թշնամիները մի քանի ամսում սարերը փորելով, թունելներ ու կամուրջներ սարքելով` ուղղակի փայլուն ճանապարհ են ստացել՝ միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան, անհրաժեշտ կահավորանքով, որակյալ գծանշումներով, կողային արգելապատնեշներով, լուսաանդրադարձիչներով։ Ինչ-որ մի հատվածից սկսած՝ ճանապարհին հանդիպեցին նաեւ ադրբեջանական պետհամարանիշներով մեքենաներ․ հասկացանք, որ մենք ուղղակի հյուր ենք այս ճանապարհին, սա մեր ճանապարհը չէ, սա ընդամենը բարի կամքի դրսեւորում է հարեւան պետության կողմից՝ հայերին։ Վաղը որ պահին ցանկանան, կփակեն կամ որեւէ սադրանք կկազմակերպեն մեզ «ընծայված» այս ճանապարհին՝ սպառնալով ՀՀ եւ ԱՀ քաղաքացիների ազատ տեղաշարժին, անվտանգ երթեւեկությանը եւ մայր Հայաստանի հետ Արցախի կապին։ Նորակառույց այլընտրանքային ճանապարհն ավարտվում է, ու մենք հայտնվում ենք «Լաչինի միջանցքի» վերջնամասում՝ միանալով արդեն դեպի Շուշի տանող ճանապարհահատվածին։ Այսինքն՝ մենք «Լաչինի միջանցքը» շրջանցում ենք Աղավնոյի ու Բերձորի թիկունքում եւ սարերի ու ձորերի միջով դուրս գալիս Շուշիից Բերձոր տանող ճանապարհի վրա։ Այն, սակայն, Աղավնոյի նման փակ է․ ռուս խաղաղապահներն այստեղ էլ էին կանգնած ու Արցախից Հայաստան մեկնողներին ուղղորդում էին օգտվել շրջանցող ճանապարհից։ Այդ հատվածում, ադրբեջանական ճանապարհի բաժանարար քարերից մեկի վրա նկատեցինք կարմիր ներկով դաջված «Արցախ» գրությունը։ Ադրբեջանցիները չէին մաքրել իրենց ճանապարհին հայտնված հայատառ «Արցախը»։

Բերձորի խաչմերուկից արդեն դեպի Շուշի եւ Ստեփանակերտ տանող ճանապարհից տպավորությունները, բնականաբար, այն չէին, ինչ ադրբեջանցիների կառուցած այլընտրանքային ճանապարհից էին։ Ճանապարհի որակն ու կահավորանքը, մեղմ ասած, համեմատելու չէին ադրբեջանցիների կառուցած ճանապարհի հետ։ Պարզապես այն ճանապարհին մենք ֆիզիկապես մեզ լավ էինք զգում, հոգեպես՝ ճնշված, իսկ այս ճանապարհին մեր հոգին գրեթե փառավորվում էր, մենք մեզ մխիթարում էինք նրանով, որ սա մեր հողն է, մեր ճանապարհն է՝ անտեսելով այդ ճանապարհին կարկատան արած ասֆալտի անհարթություններն ու մեքենայի թափքի անվերջ ճոճերը։ Մի պահ հիշեցինք, իհարկե, որ այս երեսուն տարիներին Հայաստանի ու Արցախի իշխանություններն էլ կարող էին նորմալ ճանապարհներ կառուցել, որ այսօր ադրբեջանականով չհիանայինք, բայց արագ հիշեցինք նաեւ Քարվաճառով անցնող հոյակապ ճանապարհը, որն այսօր թշնամին է տիրապետում։ Հիմա հիշելու իմաստն էլ չկա՝ ուշացած է։ 

Շուշիի մատույցներում՝ Իսաբուլախի խաչմերուկին, արդեն ադրբեջաներեն Isa Bulagi դարձած ցուցանակի տակ մեզ նորից կանգնեցրեց ռուս խաղաղապահը՝ դարձյալ ադրբեջանական մեքենա էր անցնում։ Սպասեցինք՝ անցավ, եւ ցանկապատից այն կողմ կանգնած ադրբեջանցի զինվորականների հայացքների ներքո, «հիանալով» թշնամու սարքած նոր ենթակառուցվածքներով, շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Ստեփանակերտ։ 

Ստեփանակերտի մուտքի մոտ մեզ կանգնեցրին արդեն Արցախի Հանրապետության ոստիկանները, ստուգեցին անձնագրերը եւ բարի ճանապարհ մաղթեցին։ Ստեփանակերտը, ինչպես միշտ, փայլում էր իր մաքուր ու կոկիկ փողոցներով, սպիտակ, գեղեցիկ շենքերով։ Այստեղ կյանքը հիասքանչ է, իսկ այսօր տոնելու են արդեն իր հողերի մեծ մասը թշնամուն հանձնած Արցախի Անկախության օրը։