Search
Close this search box.

Այսօր 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է

Այսօր Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. լրանում է նրա 68-ամյակը:

Ռոբերտ Քոչարյանը ծնվել է 1954 թ. օգոստոսի 31-ին Ստեփանակերտում: 1980թ.-ից նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական և կուսակցական մարմիններում: 1988թ. փետրվարից եղել է Արցախյան շարժման քաղաքական առաջնորդներից։ Առաջիններից է եղել, որ ստանձնել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության և պաշտպանության համակարգի ձևավորման պատասխանատվությունը։ 1992 թ. օգոստոսին, երբ ադրբեջանական բանակը բռնազավթել էր ԼՂՀ տարածքի կեսը, Քոչարյանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի և ԼՂՀ վարչապետի պաշտոնը։ Նրա գլխավորությամբ՝ բոլոր ուժերի կենտրոնացումն ու Արցախն ազատագրելու վճռական կամքը կարճ ժամանակում հնարավոր են դարձրել բեկումը ռազմական գործողություններում և փաստացի հաղթանակն Արցախյան առաջին պատերազմում։ Ազատագրվել են ոչ միայն ԼՂԻՄ տարածքը, այլ նաև Արցախը շրջապատող 7 շրջաններ՝ փաստացի հայկական վերահսկողության տակ պահելով 11․500 քառակուսի կիլոմետր։ 1994 թվականի զինադադարի կնքումով հաստատվել էր վերջին հարյուրամյակների հայկական պետության կողմից տարածքային նվաճման միակ պատմական օրինակը։

1994 թ. դեկտեմբերի 24-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996թ. նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով, Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ։

1997-ին Հայաստանում ներքաղաքական և տնտեսական ճգնաժամի պայմաններում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի հրավերով Ռոբերտ Քոչարյանը նշանակվել է ՀՀ վարչապետ։ 1998 թվականին նախագահ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո արտահերթ նախագահական ընտրություններում տանելով հաղթանակ՝ Քոչարյանը ստանձնել է նախագահի պաշտոնը և ղեկավարել 10 տարի:

Նրա նախագահության տարիներին՝ 2005-ին, 1999-ի համեմատ, աղքատությունը կրճատվել է երկու անգամ, ծայրահեղ աղքատությունը՝ 4,5 անգամ: 2000-2007 թվականներին միջին աշխատավարձը բարձրացել է 3,2 անգամ, իսկ նվազագույնը՝ 4 անգամ: Օտարերկրյա ներդրումների ծավալը տասը տարվա ընթացքում 270 միլիոն դոլարից հասել է ավելի քան 3 միլիարդի: Ընդհանուր առմամաբ, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին նորոգվել, հիմնանորոգվել և կառուցվել է ընդհանուր 2921.8 կմ ավտոճանապարհ, առանցքային նշանակություն ունեցող 118 կամուրջ, 20-ից ավել թունել։

Պաշտոնավարման ավարտից հետո 2–րդ նախագահը երկար տարիներ աշխատել է ՌԴ խոշորագույն բաժնետիրական ֆինանսական կորպորացիաներից մեկի՝ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդում, որպես անկախ տնօրեն: