Search
Close this search box.

ՀՀ ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում պատասխանատվություն ստանձնել ԼՂ ողջ տարածք մուտքի ապահովման համար

Օգոստոսի 30-ը Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրն է, որը 2010 թվականին սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ որպես բռնի և հարկադրված անհետացումների հետևանքով մարդու իրավունքների սարսափելի ոտնահարումների մասին հիշեցում: ՀՀ ԱԳՆ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ։

Հայտարարության մեջ նշվում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարից հետո Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, իսկ Ղարաբաղյան առաջին և 44-օրյա պատերազմների հետևանքով հարյուրավոր անհայտ կորածների և բռնի անհետացածների ճակատագրեր մնում են չպարզված։

Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից համագործակցության բացակայությունն անհնարին է դարձնում անհետ կորած անձանց թվի ճշգրիտ գնահատումը, և անհետացածների ճակատագրի կամ գտնվելու վայրի և ողջ լինելու վերաբերյալ հավաստի տեղեկությունների ձեռքբերումը։

«Ադրբեջանը շարունակում է անտեսել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները՝ Ադրբեջանում հայ պատանդների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 7-ին ներկայացված հրատապ միջոցները, որոնք պարտավորեցնում են Ադրբեջանին դադարեցնել հայերի նկատմամբ ռասիստական և խտրական քաղաքականությունը»,- ասված է ԱԳՆ հայտարարությունում։

Ըստ ԱԳՆ-ի՝ նման մոտեցման բացակայության պարագայում արդարությունն ու սոցիալական առողջացումը, հետևաբար՝ երկարաժամկետ խաղաղությունը կմնան վերացական: ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը պատասխանատվություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի ողջ տարածք անվերապահ մուտքի ապահովման համար, որը կարող է մեղմել առկա հումանիտար ճգնաժամը։

«Բռնի անհետացումների միջազգային օրը մենք համերաշխություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր տառապում են այս անմարդկային արարքներից: Մենք պայքարում ենք անհետացածների իրավունքների համար, շարունակում ենք պայքարել արդարության համար և այս հանցագործության անպատժելության դեմ։ Վերահաստատում ենք մեր հրատապ կոչը՝ վերջ դնելու բռնի անհետացումների անպատժելիությանը»,- նշված է հայտարարությունում: