Search
Close this search box.

Ինչ պետք է անեն Լաչինի միջանցքով անցնող քաղաքացիները գերի ընկնելու կամ սադրանքի ենթարկվելու դեպքում

Ադրբեջանական վերահսկողության տակ անցած Լաչինի միջանցքով անցնող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու են Արցախի ոստիկանությունն ու ԱԻՆ-ը։ Այդ մասին MediaHub.am-ի հարցին ի պատասխան ասացին Արցախի ԱԱԾ-ից։ Լրատվականը փորձեց պարզել, թե Լաչինի միջանցքով անցնող քաղաքացիներին արդյոք հեռախոսահամար տրամադրվելո՞ւ է, թե՝ ոչ, որպեսզի գերի ընկնելու կամ թշնամու կողմից սադրանքի ենթարկվելու դեպքում մարդիկ զանգահարեն։

«Լաչինի միջանցքի տարածքում ոստիկանությունը շուրջօրյա հսկողություն է իրականացնում, և պետք է ընդամենը զանգահարել 1.02, կամ՝ 911»,- եղավ Արցախի ԱԱԾ-ի պատասխանը։

Հարցին, թե արդյո՞ք այդ կերպ հնարավոր է արձագանքել քաղաքացիների ահազանգերին, արդյո՞ք մարդկանց անվտանգությունն այդ տարբերակով ապահովելն արդարացված է, ստացվեց այն պատասխանը, թե դա է վիճակը, ոստիկանությունն է իրականացնելու հսկողություն։

«Հիմա էլ Արցախի ոստիկանությունը օրը երկու անգամ հաղորդագրություն է տարածում՝ տեղեկացնելով, որ ճանապարհը լրիվ անվտանգ է»,- հավելեցին Արցախի ԱԱԾ-ից։