Search
Close this search box.

Արցախի շուրջ նոր իրավիճակ է ստեղծվում

Ինչո՞ւ Ալիևի օգնական Հաջիևը որոշեց նշել, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան արհամարհել են օկուպացված Շուշի այցելելու Բաքվի հրավերը։ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպաններն արդեն երկու տարի է համառորեն հրաժարվում են այդ «առաջարկից», բայց Բաքուն չգիտես ինչու որոշեց դեմարշ անել Փաշինյան-Ալիև Բրյուսելյան հանդիպումից ընդամենը մի քանի օր առաջ։

Այս հանդիպումից առաջ ԱՄՆ-ն անսպասելիորեն պետքարտուղարի նախկին օգնական Ֆիլիպ Ռիքերին նշանակեց Մինսկի խմբի համանախագահ։ Նշանակման մասին թվիթերում քարտուղար Բլինքենը հիշեցրել է ԼՂ հակամարտության «մնացած հարցերի» համապարփակ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը։ Ավելին, նշվել է, որ ԱՄՆ-ն աշխատելու է այնպիսի գործընկերների հետ, ինչպիսին ԵՄ-ն է։

Արդյոք ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահները հրավիրվել են մասնակցել Բրյուսելի հանդիպմանը, իսկ Բաքվի դեմարշը նպատակ ուներ խափանել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցությունը։

«Մեր ժամանակը 30 տարի է վատնում են։ Հրավերը չընդունելով՝ նրանք հերթական անգամ անտեսեցին մեզ»,- դժգոհել է Հաջիևը՝ նշելով, որ իրենք այլևս հրավերներ չեն ուղարկելու Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպաններին։

Ի՞նչ է նշանակում՝ այլևս հրավերներ չեն ուղարկվելու։ Սա վերաբերում է նաեւ օգոստոսի 31-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմա՞նը։ Հաջիևը հույս է հայտնել, որ այս հանդիպմանը «կհամաձայնեցվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը պատրաստող աշխատանքային խմբի ձևավորումը»։ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումն, ըստ երևույթին, անհաղթահարելի խոչընդոտ է Մոսկվայի ու Բաքվի պայմաններով «խաղաղ համաձայնության» հասնելու և շարունակվող ահաբեկչական պատերազմի արդյունքների ճանաչման համար:

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումն անսպասելի աջակցություն է գտել Ստեփանակերտում, և թեև հուլիսին, երբ ՌԴ դեսպանն այցելեց Շուշի, Ստեփանակերտը չարձագանքեց, սակայն խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանի ներկայիս հայտարարությունը ուղղակի նախատինք է Ռուսաստանին։

«Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները մերժել են Ադրբեջանի կառավարության՝ Շուշի այցելելու հրավերը և դրանով շարժել Բաքվի իշխանությունների անթաքույց զայրույթը։ Ողջունելով Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների օկուպացված տարածք չայցելելը՝ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ հակամարտությունը ավարտված չէ և բացառապես քաղաքական լուծում է պահանջում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո», ասվում է հայտարարության մեջ։
lragir.am